ԲԼԻՆՔԵՆՆ ՈՒ ԼԸ ԴՐԻԱՆԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Զրուցակիցները խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի լուծման հարցում Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի մասին»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
ԱՄՆ և Ֆրանսիայի գլխավոր դիվանագետները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Մեծ յոթնյակի անդամների և այլ գործընկերների հետ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական զինուժի աճի դեմ ուղղված համատեղ ջանքերը: Գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«3+3» ՁԵՎԱՉԱՓԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ. ՌՈՒԴԵՆԿՈ
2021 թ. դեկտեմբերի 10-ին կայացած՝ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի առաջին նիստը համարում եմ հաջողված: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Հանդիպման արդյունքներով գործընկերների հետ պայմանավորվել ենք ձևաչափի գործունեությունը կենտրոնացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցների վրա: Դրանց թվում են առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացումը, ինչպես նաև ընդհանուր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը»,- նշել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ որոշվել է ձևաչափի նիստերն անցկացնել տարեկան առնվազն երկու անգամ, իսկ հաջորդ նիստի անցկացման համար հայտեր են ստացվել արդեն մի քանի մայրաքաղաքից: «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ այդ երկիրը ևս կմիանա «3+3»-ին: Թբիլիսիի առջև դուռը բաց է։ Կարևոր է, որ տարածաշրջանային հարցերը քննարկվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների մասնակցությամբ»,- հավելել է Ռուդենկոն։
ԲԱՅԴԵՆՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՆՀԱՊԱՂ ԼՔԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը NBC հեռուստաալիքի հաղորդավար Լեստեր Հոլթի հետ հարցազրույցում կոչ է արել ամերիկացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան:
Հեռուստահաղորդավարի հարցին՝ որ դեպքում ամերիկյան զորքերը կարող են հայտնվել Ուկրաինայում՝ ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու համար, Բայդենը պատասխանել է․ «Նման սցենար չկա, եթե ամերիկացիներն ու Ռուսաստանը կրակեն իրար վրա, դա համաշխարհային պատերազմի սկիզբ կնշանակի»։
«ՆՈՐՄԱՆԴԱԿԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ» ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՆԱՐԴՅՈՒՆՔ
Բեռլինում «նորմանդական ձևաչափով» քաղաքական խորհրդականների գրեթե 9 ժամ տևած բանակցություններն ավարտվել են առանց շոշափելի արդյունքի և համատեղ հայտարարության։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը բանակցությունների ընթացքում հրաժարվել է նույնիսկ մեջբերել Մինսկի համաձայնագրերը, որոնցում ասվում է, որ Դոնբասի ապագա կարգավիճակը պետք է որոշվի Դոնեցկի և Լուգանսկի առանձին շրջանների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների շրջանակում։
«Մենք մինչև վերջին պահը փորձեցինք տարբեր փոխզիջումային ձևակերպումներ գտնել։ Որքանով է Ուկրաինան պատրաստ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, այսօր դժվար է ասել»,- ընդգծել է Կոզակը։
Նրա խոսքով՝ Բեռլինում չի քննարկվել Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հանդիպման հնարավորությունը։ «Այս իրավիճակում ոչ ոք նույնիսկ չհամարձակվեց բարձրացնել այդ հարցը», - հավելել է Կոզակը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես հաստատել է, որ բանակցողներին չի հաջողվել համաձայնության գալ համատեղ հայտարարության հարցում, սակայն կողմերն աջակցել են «Եռակողմ կոնտակտային խմբի» աշխատանքի ակտիվացմանը։
Բանակցություններում Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտնել են, որ քննարկումների ընթացքում բացահայտվել են տարբեր դիրքորոշումներ և խնդրի լուծման տարբեր մոտեցումներ։