Դրոնը չափագրողներինն է։ Մասնագիտական գործիքների հետ նաև դա են օգտագործում հատկապես խոշոր շենք-շինությունների ու հողամասերի կոորդինատ-մակերես՝ գծագրերին անհրաժեշտ տվյալներն արագ կազմելու համար։ Ինքնակամ կառույցների հաշվառման՝ տարեսկզբից մեկնարկած գործընթացն ակտիվացրել է շուկան, ավելացրել է մասնագետների պատվերը։
Քաղաքացու կցակառույցով բնակարանի պատկերն առաջիկայում կհասնի Կադաստրի կոմիտե։ Ինքնակամների հաշվառման համար այս գերատեսչությունն է բազա ձևավորել, չափագրողների առցանց գրասենյակ բացել, որտեղ կուտակվում են ինտերնետով ստացվող փաթեթները։
Գևորգ Մանուկյան (ՀՀ Կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ) - Չափագրողների կողմից արդեն ունենք մուտքագրված շուրջ 900 հաշվառման փաթեթներ:
Փաթեթները, Մանուկյանը հիշեցնում է, Կադաստր կարող է ներկայացնել միայն և միայն որակավորված մասնագետը՝ լինի Երևանից թե մարզերից։ Ինքնակամ շինություն ունեցողը պետք է չափագրողին դիմի, որ նա գործը կազմի և իր ունեցած հատուկ ծածկագրով այն մուտքագրի համակարգ․ ծրագրում անհրաժեշտ է մի քանի դաշտ լրացնել ու ներբեռնել ինֆորմացիան՝ մեր տեսախցիկի առաջ ինքակամ է հաշվառում Գեոդեզիստների և հողաշինարարների միության ղեկավարը։
Արայիկ Հակոբյան («Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ նախագահ) - Գործող խանութի ընդլայնում են իրականացրել ինքնակամ, որը գտնվում է Նոր Նորքում: Տվյալները մուտքագրում եք՝ լուսանկարներով, գծագրերով:
Տվյալներն ընդունելուց հետո բազան ավտոմատ տվյալ գույքի համար շտրիխ-կոդ է տալիս, նաև՝ ինքնակամի սեփականատիրոջ բջջայինին SMS ուղարկում, որ հաշվառումն ավարտված է։ Արայիկ Հակոբյանն ասում է՝ բոլորին տեղեկացնում են, որ հաշվառել՝ դեռ չի նշանակում օրինականացնել։ Դրա համար պետք է հետո քաղաքապետարան-գյուղապետարան դիմել, կատարել անհրաժեշտ վճարումները։ Ի դեպ՝ չափագրումն էլ իր գինն ունի։
Արայիկ Հակոբյան - Մինիմալը՝ 20-25 հազարի կարգի է և կարող է 1000 քմ-ի համար հասնել 200 կամ 300՝ հազարի․ սա մակերեսից ու աշխատանքի ծավալից է կախված, թե ինչքան կլինի արժեքը։
Այս գրասենյակի տվյլաներով՝ ինքնակամների հաշվառման համար դիմողների շարքում ամենաակտիվն այժմ ապօրինի ավտոտնակ ունեցողներն են։ Առանց թույլտվության ու նախագծի՝ բնակիչնե՞րը, թե՞ բիզնեսն է ավելի շատ կառուցապատում իրականացրել՝ դեռ հնարավոր չէ ասել։
Արայիկ Հակոբյան - Դեպքեր ունենք, որ գործող խանութ է ընդլայնվել, ունենք, որ քաղաքացին է բնակարանը մեծացրել: Բնակիչ թե բիզնես՝ հնարավոր չէ ասել՝ որն է շատ, շատ են նաև ավտոտնակները:
Հակոբյանը զգուշացնում է․ ինքանակամ կառույցը ինչ էլ լինի, եթե Կառավարության սահմանած ժամկետում չհաշվառվի, հետագա օրինականացման մասին խոսք լինել չի կարող։ Կադաստրից էլ հիշեցնում են, որ կարճ է հատկապես անշարժ գույքն անցած տարի ձևափոխած-ավելացրածների ժամկետը․ ծրագրի՝ 21 թվականի ինքնակամների համար առանձնացված բազան մարտի 15-ից արդեն կդադարի փաթեթ ընդունել։
Գևորգ Մանուկյան - Ամբողջ Հայաստանի տարածքում 21 թվականին կառուցված շինությունների համար սահմանվել է երկամսա ժամկետ, որն սկսվել է հունվարի 15-ից և ավարտվում է մարտի 15-ին:
Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամների դեպքում Երևանում հաշվառման վերջնաժամկետ է սահմանվել 23 թվականի հունվարի 1-ը, երկրի քաղաքային մյուս բնակավայրերում՝ 24 թվականը, իսկ գյուղերի ինքնակամների համար՝ 2025 թվականը։