Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փուլում Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովն արդեն ներկայացրել է դատավորների թեկնածուների 23 հավակնորդի բարեվարքության եզրակացություն: Ուսումնասիրվել է բարեվարքության հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատությունը, անձի գույքային դրությունը, ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, կատարվել է ընտանիքի անդամի՝ քրեական ենթամշակույթին հարելու, ներգրավված լինելու վերաբերյալ ուսումնասիրություն:
Մարիաննա Բաղինյան (ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ) - Բարեվարքության համակարգի ներդրման նպատակը ի սկզբանե եղել է այն, որ կանխվի այնպիսի անձանց մուտքը պետական համակարգ, այսինքն՝ հնարավորինս բացառվի ոչ բարեվարք անձանց՝ նշված կետերի պահպանմամբ անձանց նշանակումն առհասարակ նման պետական պաշտոններում:
3 տարի առաջ Հայաստանն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարություն, որը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված մարմինների ստեղծում: Ակնկալվում է՝ շուտով կսկսի գործել հակակոռուպցիոն դատարանը: Օրենքով՝ բարեվարքության ստուգում պետք է անցնեն 1-ին ատյանի դատավորների, դատախազների թեկնածուները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, վերաքննիչ դատարանի հակակոռուպցիոն մասնագիտացված և նաև վճռաբեկի դատավորները:
Մարիաննա Բաղինյան - Հանձնաժողովը 2022-ի հունվարի 1-ից տրամադրել է դատախազների թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացություններ, մոտ 89 դատախազների թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացություն, նաև դատախազների առաջխաղացման ցուցակներում ընդգրկվել հավակնող դատախազների վերաբերյալ բարեվարքության եզրակացություններ:
Արդեն իսկ պետական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում բարեվարքության փուլում ուսումնասիրվում է նախկինում նրանց ներկայացրած բոլոր հայտարարգրերը, վերհանվում են խնդիրները, և դրա հիման վրա արդեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԲԴԽ կամ դատախազություն է ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ:
Մարիաննա Բաղինյան - Յուրաքանչյուր մարմին, ուսումնասիրելով բարեվարքության եզրակացությունը, քանի որ այն կրում է խորհրդատվական բնույթ, ոչ թե պարտադիր, արդեն ուսումնասիրելով եզրակացությունը, գնահատելով մեր եզրակացության մեջ տեղ գտած տվյալների արժանահավատությունը, հարցադրումներ անելով նաև թեկնածուներին, ստանալով դրանց վերաբերյալ հարցեր, իրենք իրենցով գնահատելով դրանց արժանահավատությունը, նշանակում կամ չեն նշանակում տվյալ անձին համապատասխան պաշտոնին:
Թեկնածուն ներկայացնում է բարեվարքության լրացված հարցաթերթիկը, հանձնաժողովը նախաձեռնում է պետական մարմիններին ուղղված ամբողջ հարցումների գործընթացը, պատասխանները համադրում թեկնածուի ներկայացրած տվյալների հետ: Տրվում է կամ դրական, կամ դրական վերապահումով կամ բացասական եզրակացություն:
Մարիաննա Բաղինյան - Որպես էդպիսին՝ բարեվարքության ուսումնասիրությունը նորություն է, որը միտում ունի կանխելու կոռումպացված անձանց մուտքը առհասարակ, պետական համակարգ, միտում ունի կանխելու նման անձանց առաջխաղացումը պետական համակարգում, այսինքն՝ անձինք, ովքեր պաշտոն են զբաղեցնում, բայց հավակնում են առաջխաղացման, նույնիսկ նշված անձանց համար բարեվարքության եզրակացությունն ունի կանխարեգլիչ նշանակություն:
Բարեվարքության գնահատման մեթոդաբանությունը մշակվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի օգնությամբ: Գործընթացում ներգրավված միջազգային փորձագետի գնահատմամբ՝ բարեվարքության ուսումնասիրության հայաստանյան փորձը կարող է լավագույնը լինել տարածաշրջանում: