Պետությունն այս տարի ևս մոտ 83 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը՝ նախորդ տարվա համեմատ ավելի քան 25 միլիարդ դրամով:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Որպեսզի հասկանանք՝ ինչ թիվ է 2018-2019 թվականների համեմատ. գիտության ֆինանսավորումը կրկնապատկվել է:
Գիտության կոմիտեն այս տարի 4 նոր գիտական թեմատիկ ծրագիր կիրականացնի: Նախ ուսանողներին հնարավորություն կտրվի մեկնել արտասահմանյան լավագույն գիտական կազմակերպություններ, սովորել այնտեղ, վերապատրաստվել: 6-36 ամսով նույն հնարավորությունը կտրվի նաև թեկնածուական պաշտպանած գիտաշխատողներին: Ստեղծված գիտական խմբերն այսուհետ կկարողանան արտասահմանցի ղեկավար ունենալ:
Արթուր Մովսիսյան - Ծրագիրը՝ վերաբնակեցման գրանտն է: Հայազգի կամ ոչ հայազգի գիտնականներ, որոնք ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, կարող են գալ, նոր խմբեր ստեղծել. պետք է հնարավորություն տան նրանց:
Գիտության ներկա վիճակը գոհացնող չէ՝ ասում է Մովսիսյանը: Գիտնականների թիվը նվազել է, նրանց միջին տարիքը՝ բարձրացել: Երիտասարդներն իրենց ապագան գիտության հետ չեն կապում: Վիճակը բարելավելու համար կոմիտեն կոնկրետ քայլեր է իրականացնում:
Արթուր Մովսիսյան - Բոլոր այն գիտնականները, որ գալու են, գալու են իրենց կապերով, միջազգային համագործակցությունը նույնպես լինելու է, նոր մշակույթ են ներդնելու գիտական հետազոտուոյուններ իրականացնելու, կբարեփոխվի գիտական միջավայրը:
Իրականացվող ծրագրերով գիտության կոմիտեն նպատակ ունի ուժեղացնել Հայաստանում թույլ զարգացած կամ ընդհանրապես գոյություն չունեցող ուղղությունները: Գումարն էլ հիմնականում ուղղում են թեմատիկ ֆինանսավորմանը: Վերջին տարիներին շեշտակի ավելացրել են կրկնակի նշանակության հետազոտությունների թիվը, որոնք ունեն նաև ռազմական նշանակություն:
Մրցույթի փորձագիտական փուլում համագործակցում են ռազմարդյունաբերության կոմիտեի հետ, որը գնահատում է տվյալ հայտերի առաջնահերթությունը:
Նոր հեռանկարներ են ստեղծվել նաև երիտասարդ գիտնականների համար: Նրանց սեփական գիտական խումբը ստեղծելու հնարավորություն է տրվել: Բոլոր մրցույթներում էլ պարտադիր պայման է, որ վերջնարդյունքը տպագրվի միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում: Այս փոփոխություններով պետությունը փորձում է գիտական համակարգն առողջացնել: