ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության, ինչպես նաև գողության փորձի մի շարք դեպքեր:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի 31-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվության տարիքի հասած անչափահասներ՝ 16-ամյա և 15-ամյա ծանոթ տղաների հետ և խաբեությամբ նրանց ներգրավելով, 2021 թ. օգոստոսի 23-ին (ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ) ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի Գետք համայնքի վարչական տարածքում գտնվող հակակարկտային կայանի շինություններ և հափշտակել խոշոր չափերով՝ ընդհանուր 1.000․000 ՀՀ դրամ արժողության գույք:
Օրեր անց հիշյալ 31-ամյա տղամարդը և 16-ամյա տղան ապօրինի մուտք են գործել մարզի տարածքում գտնվող մեկ այլ հակակարկտային կայան և հափշտակել են ընդհանուր 500․000 ՀՀ դրամ արժողության գույք:
Այնուհետև, նույն ամսվա ընթացքում, հիշյալ երկու անձինք մուտք գործելով հակակարկտային մեկ այլ կայանի տարածք՝ փորձել են կրկին հափշտակություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
Քննությամբ պարզվել է նաև, որ 2021 թվականի տարբեր օրերի հիշյալ անձինք մուտք են գործել մարզի տարածքում գտնվող այլ հակակարկտային կայան, չգործող ռեստորանների տարածքներ և հափշտակել տարբեր արժողության գույք:
Պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող՝ 7,62 մմ (7,62x39) տրամաչափի, գործարանային արտադրության 20 հատ մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են վերջինիս բնակավայրում կատարված խուզարկությամբ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), 2-րդ և 3-րդ կետերով, 165-րդ հոդվածի (անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 1-ին մասով (6 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): 16-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 15-ամյա մյուս անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: