ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է Աֆղանստանի Կենտրոնական բանկի բոլոր ակտիվները՝ 7 միլիարդ դոլար, որոնք պահվում են ամերիկյան բանկերում, հանձնել Վաշինգտոնի տնօրինմանը։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տունը նախատեսում է 3,5 միլիարդ դոլարը տրամադրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու հարազատներին, իսկ մյուս կեսը ծախսել Աֆղանստանին նախատեսված մարդասիրական օգնության վրա։
Նման միջոցառմամբ, ըստ աղբյուրի, Վաշինգտոնը նախատեսում է լուծել «իրավական, քաղաքական, արտաքին քաղաքական և հումանիտար խնդիրների խճճված հանգույցը՝ կապված Աֆղանստանում 20-ամյա պատերազմի ավարտի հետ»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ուղղակի ֆինանսավորումը թալիբներին չի բխում աֆղան ժողովրդի շահերից։ Նրա խոսքով՝ Սպիտակ տունը մտադիր է օգնությունն Աֆղանստանին ուղղել անկախ անհատների և կազմակերպությունների միջոցով: