Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանի հետ: Խորհրդարանի ղեկավարը կառավարության նոր անդամին բեղմնավոր աշխատանք է մաղթել:
Գնահատելով Անահիտ Հակոբյանի կազմակերպչական ջիղը՝ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ նրան կհաջողվի կրթական համակարգը հասցնել համապատասխան մակարդակի:
Արցախի ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի իրենից կախվածը այս բարդ ժամանակահատվածում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական համակարգի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Օրենսդիրի ղեկավարն անդրադարձել է ոլորտի առողջացման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:
Նույն օրը ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը հանդիպել է խորհրդարանի ոլորտային հանձնաժողովի անդամների հետ:
Հանդիպմանը, որին ներկա էին նաև ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը և նախարարության ոլորտային պատասխանատուները, քննարկվել են կրթությանն առնչվող օրենսդրական նախաձեռնությունները:
Խորհրդարանականները շեշտել են, որ անկախ քաղաքական հայացքներից՝ միակամ են կրթության զարգացմանն աջակցելու հարցում: