Ադրբեջանական մարտական դիրքից Արցախի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների ուղղությամբ կրակահերթն արձակվել է այսօր՝ ժամը 5:50-ի կողմերում: Թիրախավորելով Գաբրիելյանների առանձնատունը՝ հակառակորդը խոցել է հյուրասենյակի պատուհանը, որտեղ քնած էին ընտանիքի մայրն ու երկու անչափահաս երեխան:
Արև Գաբրիելյան, Արցախի Կարմիր շուկա համայնքի բնակիչ - Միշտ այն պատուհանից եմ նայում, որ ջարդվել է: Երևի պատահական էր, որ այս անգամ ուրիշ պատուհանից նայեցի, թե որ ուղղությամբ են կրակում: Նայեցի ու տեսա, որ գնդակը մյուս պատուհանով մտավ՝ պատուհանը ջարդվեց, անգամ մտածել եմ, թե պատուհանն ամբողջությամբ պայթել է: Վախից երեխաս արթնացել է:
Բարեբախտաբար, վնասները միայն նյութական են, զոհեր ու վիրավորներ չկան: Արդեն ժամը 9-ին միջադեպի մանրամասները տեղում ճշտել են Արցախի իրավապահներն ու ռուս խաղաղապահները: Ահազանգի հետքերով Կարմիր շուկա է այցելել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ օր առաջ արդբեջանական դիրքերը պետք է դուրս բերվեն խաղաղ բնակավայրերի մերձակայքից:
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Մենք որևէ ձևով սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի խաղաղ բնակչության համար, այդ թվում՝ նաև մեր Զինված ուժերը որևէ ձևով չեն դիտարկում ադրբեջանական բնակավայր կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող բնակավայր: Հենց այս տրամաբանությունից պետք է ենթադրել, որ նաև ադրբեջանական կողմը չպետք է ունենա հնարավորություն՝ դիտարկելու մեր խաղաղ բնակավայրերը, որովհետև նրանց անգամ ներկայությունն այդ բնակավայրերի մերձակայքում հոգեբանական շատ լուրջ խնդիր է առաջացնում տվյալ բնակավայրի բնականոն կյանքի համար:
Ստեփանյանն ընդգծում է՝ հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է խաղաղ բնակիչների տները:
Նարե Գաբրիելյան, աշակերտ - Բակում խաղում ենք, բայց վախենում ենք ամեն օր, քանի որ կարող են մեզ վրա, տան վրա կրակել:
Արցախի օմբուդսմանը Բաքվին առաջարկում է հերքելու փոխարեն անաչառ հետաքննություն իրականացնել: Ի դեպ, 2021-ին նմանատիպ բոլոր առաջարկներն Ադրբեջանը մերժել է: