Փետրվարի 7-10-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Բելգիայի Թագավորությունում։
Այցի շրջանակում նախարարը հանդիպել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամական խմբի անդամների հետ, որոնք ներկայացնում են Եվրախորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը: Կայացել են նաև հանդիպումներ եվրոպական կառույցների ներկայացուցիչների, Բելգիայի քաղաքական, հասարակական շրջանակների, ինչպես նաև հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախի զարգացման գործընթացին, Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության տարբեր դրսևորումներին առնչվող հարցեր։
Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը ողջ քաղաքակիթ աշխարհին նետված մարտահրավեր էր, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, այդ թվում՝ նաև Եվրոպայի և այլ երկրների համար։ Նախարարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության դերակատարությունը տարածաշրջանում՝ որպես խաղաղության և կայունության պահպանման առանցքային բաղադրիչ:
Նախարար Բաբայանը կարևորել է համահայկական կառույցների դերակատարությունը Սփյուռքի հետ կապերի ամրապնդման և խորացման գործընթացում՝ երախտագիտություն հայտնելով Հայ Դատին և նրա ստորաբաժանումներին՝ տարիներ շարունակ իրականացրած հետևողական աշխատանքի համար։
Արցախի արտգործնախարարը հանդիպել է նաև տարբեր բուհերի ուսանողների հետ և հանդես եկել դասախոսությամբ։ Արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի պատմությունը, պետականաշինության գործընթացը, արտաքին քաղաքականության հեռանկարներն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարեգրությունը, ներկա իրողությունները և հնարավոր զարգացումները։
Դավիթ Բաբայանն Արցախի Հանրապետության իշխանությունների անունից ծաղկեպսակ է դրել Բրուսելում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին։