Գանձակի (Գյանջա) դարպասները, որոնք պահվում են Քութաիսիից ոչ հեռու գտնվող Գելաթի վանական համալիրում, արդեն չորս օր է հատուկ հսկողության տակ են։ Այդ մասին հայտնում է Kutaisi Post-ի տարածաշրջանային հրատարակությունը։ Լրագրողների փոխանցմամբ՝ վանքում տեղադրված են նաև տեսախցիկներ։
Գելաթիի բակում տեղադրվել է անվտանգության խցիկ և ըստ տեղեկությունների՝ նախաձեռնությունը պատկանում է Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։ Վրաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տվել է հետևյալ բացատրությունը.
«Վանական համալիրը, ինչպես շատ թանգարաններ, չուներ անհրաժեշտ պաշտպանություն, խնդիրն աստիճանաբար շտկվում է»։
Փետրվարի սկզբին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է վերադարձնել Գանձակի դարպասները, որոնք Վրաստանում պահվում են 12-րդ դարից: Նրա խոսքով՝ Բաքուն Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում այդ հարցի շուրջ։ «Բանակցությունները հեշտ չեն, դժվար են ընթանում: Մեր նպատակն է դրանք վերադարձնել Ադրբեջանին»։
Քարիմովի խոսքով՝ դարպասների ճակատագիրն Ադրբեջանը ներառել է Վրաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ այդ հարցը բարձրացրել է 2021 թվականին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։
Գանձակի դարպասներն արհեստագործական արվեստի միջնադարյան հուշարձան են, որոնք պատրաստվել են 1063 թվականին՝ չուգունից և երկաթից, արտաքինից զարդարված են զարդանախշերով և նախշերով։ 1139 թվականին վրաց Դեմետրա I թագավորը ներխուժել է Գանձակ, այնուհետև քաղաքի դարպասները որպես մարտական ավար տեղադրել Քութայիսիի Գելաթի վանքում։ Ներկայումս պահպանվել է դարպասի մեկ փեղկը։