«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործը դատարանում է, այն ընդունվել է վարույթ:
Դատախազությունը դատարանից պահանջում է Արամ Վարդանյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 10 բնակարան, բնակելի տներ, խանութ, շինություններ, Կոտայքի և Տավուշի մարզերում գտնվող 4 հողամաս, 2 տրանսպորտային միջոց, իսկ մեքենաների բռնագանձման անհնարինության դեպքում՝ պետությանը վերադարձնել դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր շուրջ 871 միլիոն դրամ է:
Դատախազությունը պահանջում է որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ բռնագանձել 260 միլիոն դրամ:
Արամ Վարդանյանի գործը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան ուղարկված չորրորդ հայցադիմումն է: Անցած ամիսներին դատարանն արդեն վարույթ է ընդունել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գույքի վերաբերյալ հայցերը։ Ընդհանուր առմամբ՝ դատախազությունում 2020-2021 թթ. արդյունքներով իրականացվում է 276 անձի գույքի ուսումնասիրություն:
Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյան - 2021 թվականին կատարված ուսումնասիրության արդյունքներով, ներկայացվել է հայցի նախնական ապահովում կիրառելու մասին թվով 14 միջնորդություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք մեծամասամբ ամբողջությամբ բավարարվել են և համապատասխան անձանց գույքի վրա դրվել է արգելանք:
Այս 14 վարույթով, բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող շուրջ 95 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում անօրինական մասնակցություն և ընդհանուր հաշվարկով մոտ 27 միլիարդ դրամ: Իսկ դատարան ուղարկված չորս հայցով բռնագանձման է ենթակա շուրջ 40 գույք:
Սիրո Ամիրխանյան - Որոնց շուկայական արժեքների հանրագումարը կազմում է շուրջ 14 միլիարդ դրամ և միևնույն ժամանակ բացի անշարժ և շարժական գույքերից կամ իրավաբանական անձանց մասնակցություններից դատախազության կողմից հայցապահանջ է ներկայացվել շուրջ 6 միլիարդ 650 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ բռնագանձելու մասին»:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի խոսքով՝ ուսումնասիրություններ կան այժմ պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ ևս, սակայն այդ տվյալները դեռ մշակման փուլում են:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան