Ձմեռը դեռ չի ավարտվել, բայց տիկին Թամարան իր այգու էտը գրեթե վերջացրել է: Լավ գիտի՝ փետրվարն ինչքան էլ սառնաշունչ լինի՝ էտած ծառերը չեն վնասվի:
Թամարա Էլբակյան (Հացիկ գյուղի բնակիչ) - Հիմա ինչքան էլ ցրտահարություն լինի, չի խանգարի: Մարտից մինչև ապրիլի 14-ն է ցուրտը վնասում, երբ ծիրանը նոր սկսում է ձևավորվել:
Արդեն երկու տարի Թամարան իր խաղողի և ծիրանի այգին ապահովագրում է հնարավոր աղետներից: Անցած տարվա բերքի ավելի քան կեսը չկարողացավ ցրտից փրկել, ակնկալվող 26-ի փոխարեն ընդամենը 12 տոննա ծիրան հավաքեցին: Ապահովագրական ընկերությունը, ճիշտ է, փոխհատուցեց վնասը, բայց ոչ այն չափով, որ եկամուտն էլ ներառեր: Համակարգը նոր է, այգեգործներն իրենց առաջարկներն ունեն:
Թամարա Էլբակյան - Գումարը, որ մեզ փոխանցում են, մի քիչ բարձր լինի, որ իմանանք՝ 50 տոկոս ցուրտը տարել է, գոնե էդ կեսը կազմի:
Որպեսզի համակարգը կայանա, պետք է ավելանան գյուղապահովագրումները: Դա հնարավորություն կտա վաղ գարնանային ցրտահարության և կարկտահարության ռիսկերից բացի ապահովագրության ցանկում ներառել նաև այլ բնական աղետներ՝ երաշտը, հեղեղումը կամ փոթորիկը:
Արթուր Այվազյան (Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանութան վարչության պետ) - Կայանալու դեպքում ոչ միայն կարելի է ռիսկերն ավելացնել, այլև հզորանալու դեպքում պահանջել նաև կորցրած եկամուտը փոխհատուցել:
Կարելի է պայմանագիր կնքել նաև համակցված ռիսկային դեպքերի համար: Այսինքն՝ երբ միաժամանակ երկու աղետ է տեղի ունեցած լինում: Այս դեպքում վճարվող գումարի չափը նվազում է 10 տոկոսով: Գյուղապահովագրությունը փետրվարի 1-ից է սկսվել: Ժամկետը սահմանափակ է: Ըստ մշակաբույսի տեսակի՝ պայմանագիր կնքելու հստակ ժամանակացույց է գործում:
Արթուր Այվազյան - Գարնանային ցրտահարության համար խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության վերջնաժամկետը փետրվարի 27-ն է, համակցված ռիսկերի դեպքում՝ մինչև փետրվարի 20-ը: Իսկ յուրաքանչյուր մշակաբույսի համար ժամկետները տարբեր են՝ կախված ռիսկից: Հորդորում եմ դիմել ապահովագրությանը, պայմանագրեր կնքել:
Ոլորտի պատասխանատուները գյուղացիական տնտեսություններին կոչ են անում երկար-բարակ չմտածել: Մանավանդ որ՝ խաղողի, ծիրանի, դեղձի, սալորի, խնձորի այգիներից, կարտոֆիլի, ձմերուկ-սեխի դաշտերից ու ցորենի-գարու և վարսակի արտերից բացի՝ այս տարի կապահովագրեն նաև բալի ու կեռասի ծառերը:
Արթուր Այվազյան - Անցած տարի Արմավիրի մարզում ապահովագրական պայմանագրեր են կնքվել 1190 հա հաշվով, որից 409-ը ապահովագրական հատուցումներ են ստացել կարկտահարության և ցրտահարության համար: Ապահովագրական հատուցման գումարը՝ 84 մլն 521 հազար դրամ:
Հացիկ գյուղն գյուղապահովագրության առումով ամենաակտիվներից է: 2020 թվականին այստեղ մոտ 6 հա-ի հաշվով պայմանագիր է կնքվել: 2021-ին դարձել է 8 հա: Տարբերությունը մեծ չէ, բայց աճի միտումը նկատելի է՝ ասում է գյուղապետարանի մասնագետը:
Սարինե Դուդագլյանի կարծիքով՝ հետաքրքրությունը մեծացել է, քանի որ գյուղացուն հնարավորություն է տրվել ապահովագրության համար նաև ապառիկով վճարել:
Սարինե Դուդագլյան (Հացիկի գյուղապետարանի մասնագետ) - Գյուղապահովագրական ընկերությունների հետ պայմանավորվածություն կա. հողի սեփականատերը վճարում է այն ժամանակ, երբ բերքն իրացնում է:
Թամարան ապառիկ տարբերակից չի օգտվի, ինքն արդեն հավաքած գումար ունի:
Բայց ուրախ է, որ ապահովագրությունից նաև մյուս գյուղացիներն էլ կարող են օգտվել: