Դեկտեմբերի 18-ի առավոտյան «Սևանի հացի գործարանի» գանձապահը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է տվել, որ գործարանից փորձել են գողություն անել: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ բացել էր երկրորդ հարկի պատուհանը, մտել շենք, իջել առաջին հարկում գտնվող գանձապահի սենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որտեղ, սակայն, արժեքավոր ոչինչ չէր եղել: Իսկ երբ գանձապահը մտել էր սենյակ, թաքնվել էր դռան հետևում, հետո, երբ սենյակ մարդ էր մտել, փախել էր:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գանձապահը փախչողին տեսել էր մեջքից, և միայն կարող էր ասել, որ միջին տարիքի տղամարդ էր: Մանրակրկիտ տեղազննությունը նույնպես արդյունք չէր տվել: Իրավապահներին սպասում էր համատեղ հետևողական աշխատանք:
Ի վերջո, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գործարանի շենք մտնողը Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ է: Փետրվարի 1-ին Սևանի ոստիկանները նրան հայտնաբերել, բերման են ենթարկել ու ներկայացրել քննչական բաժին՝ հարցաքննության. նա խոստովանել է արարքը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: