Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր հանդես են եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Դահուկավազորդներ Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը մասնակցել են 10 կմ դասական ոճում: 29-ամյա Կատյա Գալստյանը, որը մասնակցում էր իր երրորդ օլիմպիական խաղերին, 10 կմ մրցատարածությունը հաղթահարել է 34:37.5 րոպեում և 98 մասնակիցների պայքարում զբաղեցրել 74-րդ հորիզոնականը:
Իր առաջին օլիմպիական խաղերին մասնակցող Անգելինա Մուրադյանն էլ ցույց է տվել 39 րոպե 43.4 վայրկյան արդյունքն ու գրավել 94-րդ տեղը: Գալստյանն ու Մուրադյանն ավարտել են ելույթները Պեկին-2022-ում: Օրերս Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն ուժերն էր չափել նաև արագավազքում (սպրինտ)՝ չհաղթահարելով որակավորման փուլը:
10 կմ դասական ոճում օլիմպիական չեմպիոնի կոչումը 28:06.3 արդյունքով նվաճել է նորվեգացի դահուկորդ Թերեզա Յոաուգը: Վաղը՝ փետրվարի 11-ին, Հայաստանի ներկայացուցիչներից դահուկավազորդ Միքայել Միքայելյանը պայքարի դուրս կգա 15 կմ դասական ոճում: