Լևոն Հախյան (բնակիչ) - Նախքան այս դամաֆոնը՝ գողերը երկու անգամ գողություն են արել, պատկերացնում եք՝ ինչ լկտիությամբ, եկել են, կնոջս պայուսակն են գողացել տարել, ընկա հետևից, վազեցի, չկարողացա բռնեմ:
Երևանում նախորդ տարի գողության դեպքերը աճել են, բայց բնակարանային գողության դեպքերը նվազել 0,5 տոկոսով: 2021 թվականին Երևանում արձանագրվել է գողության 7249 դեպք՝ 2020 թվականի համեմատ` 1399-ով ավելի: Նախորդ տարի բնակարանային գողության 585 դեպք է արձանագրվել, 2020-ին՝ 588:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Բնակարանային գողության դեպքերի քանակի նվազումը կամ առնվազն աճի չարձանագրումը խոսում է այն մասին, որ 2018 թվականից սկսված բնակարանային գողության դեմ պայքարը, որն իրականացվում է դատախազության կողմից, տալիս է իր արդյունքները:
Մշակված ռազմավարությամբ բնակարանային գողությունների քարտեզային հաշվառումեր են իրականացվում, և այդպիսի ցանկացած դեպք արձանագրվում է հատուկ մշակված քարտեզներում:
Ծովակ Մնացականյան - Այդ քարտեզների պարբերաբար ուսումնասիրություններով և վերլուծություններով ամենօրյա ռեժիմով տրվում են հստակ հանձնարարականներ, ցուցումներ, ներկայացվում են համապատասխան միջնորդագրեր:
Բնակարանային գողության առավել թիրախային, օրինակ՝ առանձնատների հատվածներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն ուժեղացված հսկողություն են իրականացնում: Բնակարանային գողությունների համար շատ հաճախ կան նպաստավոր պայմաններ:
Ծովակ Մնացականյան - Դրանք են ցածր հարկերի բնակարանների ճաղավանդակների բացակայությունը, բնակարանի մուտքի դռների փականների անհուսալիությունը, շքամուտքերի լուսավորվածության կամ տեսանկարահանող սարքերի բացակայությունը, կամ կոդավորված փականների կամ առհասարակ դռների և փականների բացակայությունը: Նման դեպքերում դատախազության կողմից ներկայացվել են միջնորդագրեր:
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դուռ: Առկա 12641 մուտքերից մոտ 180-ում դեռ տեղադրված չէ դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներ:
Արսեն Կարոյան (Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար) - Ինչպես դռների տեղադրումը, այնպես էլ կոդավորված փականների տեղադրումը ամբողջությամբ գտնվում է տվյալ շենքի բնակիչների համասեփականատերերի կողմից կառավարվող համատիրությունների դաշտում:
Կարոյանն ընդգծում է՝ հաշվի առնելով, որ կոդավորված փականներով դռները լրացուցիչ անվտանգության երաշխիք են, քաղաքապետարանը պարբերաբար հորդորում է համատիրություններին, որ բնակիչների հետ սերտ գործակցությամբ ակտիվացնեն գործընթացը: Ի դեպ, բնակարանային գողությունները սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առավել վտանգավոր հանցատեսակների շարքում են: Այդպիսի հանցագործության կատարման համար նախատեսված է ազատազրկում՝ 4-8 տարի ժամկետով: