Այսօր մեկնարկել է Արցախում «Թումոյի» կրթական ծրագրի ընդլայնման գործընթացը. Մարտակերտում` «Թումոյի» ղեկավարության և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի առաջին «Թումո» տուփի բացումը:
Բացման միջոցառմանը մասնակցել են նաև «Թումո Ստեփանակերտի» շրջանավարտները և առաջադեմ ուսանողները, որոնք տուփի առաջին ուսանողների հետ կիսվել են իրենց փորձառությամբ ու միասին իրականացրել մինի-նախագծեր:
Ողջունելով ներկաներին` Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը նշել է. «Ճանաչելով Արցախը, ճանաչելով այստեղի մեր երիտասարդներին` վստահ եմ, որ Մարտակերտում բացվող «Թումո» տուփը կավելացնի նրանց ներգրավվածությունը և կնպաստի տեխնոլոգիաների ու դիզայնի ոլորտներում հմտանալու արդյունավետությանը: Սա միայն առաջին քայլն է. մեր «Թումո Հայաստան» ծրագրի շրջանակներում բացելու ենք տուփեր նաև Ասկերանում և Մարտունիում` ծրագիրը հասանելի դարձնելով Արցախի բոլոր պատանիներին և Ստեփանակերտի «Թումոն» վերածելով կրթական հանգույցի, որը լեցուն կլինի դասընթացներով, աշխատարաններով և նախագծերով»:
«Թումո» կենտրոնն Արցախի մայրաքաղաքում գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 2015 թվականից և այս ընթացքում ունեցել է շուրջ 4000 ուսանող, 300-ից ավելի դասընթաց, 100-ից ավելի աշխատարան և նախագիծ: Մարտակերտի, իսկ հետագայում նաև Ասկերանի և Մարտունու տուփերի ուսանողները ծրագրի ինքնուսուցման փուլն անցնելու են տուփերում, իսկ դասընթացներին մասնակցելու համար ուղևորվելու են «Թումո Ստեփանակերտ» հատուկ տրանսպորտով:
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախում տեխնոլոգիական կրթության տարածումը. «Տեխնոլոգիական կրթության խրախուսումը Արցախի կառավարության առաջնահերթությունների թվում է: Մարտակերտում «Թումո» տուփի բացումը մեզ լրացուցիչ դրական էներգիա է պարգևում և սահմանում առավել բարձր արդյունքի հասնելու նշաձող: Այս կրթական փորձառությունն անչափ կարևոր է Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի պատանիների համար, ովքեր, համոզված եմ, տարիներ անց բացահայտելու են Արցախի առայժմ չերևացող ներուժն իրենց գաղափարներով, ստեղծարար մտքով ու ճկունությամբ»:
17-ամյա մարտակերտցի Արման Դանիելյանը «Թումո Ստեփանակերտի» շրջանավարտ է և «Թումոյի» ռոբոտաշինության ոլորտի բազմաթիվ դասընթացների է մասնակցել: Նա այժմ աշխատում է Մարտակերտի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում որպես խմբավար: Արմանը եկել էր «Թումո» տուփի բացման միջոցառմանը` իր քաղաքի պատանիներին շնորհավորելու․ «Ամենակարևոր բանը, որ ես սովորել եմ «Թումոյում» ինքնուրույն մտածելն է: Շնորհավորում եմ երեխաներին տուփի բացման կապակցությամբ, սա մեզ շատ պետք է: Իրենք կմտածեն, կզարգանան ու անպայման կօգտագործեն իրենց գիտելիքները թե՛ առօրյայում, թե՛ մեծ բաների հասնելով»:
Մարի Լու Փափազյանը նշել է նաև «Թումո Հայաստան» նախաձեռնության առաջիկա քայլերը. «Մեր բարերարների առատաձեռն նվիրատվությունների արդյունքում մոտակա ժամանակներս մեր ցանցին կգումարվի ևս 6 կենտրոն Հայաստանի Կապան, Վանաձոր, Կողբ, Էջմիածին, Հրազդան և Մարտունի քաղաքներում, ինչպես նաև առկա կենտրոններին և կառուցվողներին կից 40 նոր «Թումո» տուփ»։