Հայաստանից Եվրամիության երկրներ հիմա ազատ կարելի է մեղր արտահանել. խիստ չափորոշիչներ էին սահմանվել, և այս պատճառով է, որ արդեն մի քանի տարի մեղվաբուծությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոշորացույցի տակ էր:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Դա անընդհատ ծանր աշխատանքի արդյունք է, որ քիչ-քիչ կարողանում ենք բացել ինչ-որ սննդամթերքի հոսքը դեպի Եվրամիություն կամ այլ երկրներ: Էս պահին ունենք մեղրի թույլտվություն: Հիմա աշխատում ենք ձկան վրա:
Հիմա Եվրամիությունից սպասում են ձկան վերաբերյալ մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձագանքին: Որպեսզի Հայաստանում սննդամթերքի հետ կապված ռիսկերը նվազեն, ու արտահանման թույլտվություններ ստանալու գործընթացը ավելի հեշտանա, Ավստրիական զարգացման համագործակցության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության» համաֆինանսավորմամբ կվերազինվեն նաև ՍԱՏՄ լաբորատորիաները:
Գեորգի Ավետիսյան - Այսօր ամբողջ աշխարհն անցել է սննդամթերքի անվտանգությանը՝ ռիսկի հիման վրա: Մենք դեռ ռիսկի հիման վրա չենք իրականացնում, բայց, հուսով եմ՝ շուտով դա էլ կունենանք:
Հայաստանում կստեղծվի նաև սննդամթերքի անվտանգության ռիսկը գնահատող գիտական կենտրոն, որը համապատասխան ուսումնասիրություն կանի: «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը» պատրաստ է նաև կազմակերպել մասնագիտական դասընթացներ, քանի որ աշխարհում սննդի չափորոշիչները որոշող լաբորատոր սարքերը ևս արագ են փոխվում՝ ասում է Գեորգի Ավետիսյանը:
Գեորգի Ավետիսյան - Մեր սարքավորումները 2016-17 թվականներին լավագույններն էին, հիմա երևի պետք է արդիականացնել, ավելացնել նոր սարքեր կամ այդ սարքերի վրա ավելացնել այլ լրակազմ, որոնք այսօր կան Եվրամիությունում:
Նոր սարքավորումներով վերազինված լաբորատորիաներում հնարավոր կլինի գնահատել ոչ միայն սննդամթերքի ռիսկայնությունը, այլև թե որքանով է տվյալ սննդամթերքը համապատասխանում կանաչ գյուղատնտեսության պահանջներին: