Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը զայրացրել է խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» խմբակցությունից Վահե Հակոբյանի գնահատմամբ՝ կալանավորումը փաստեց, որ երկիրը գնում է բռնապետության ճանապարհով: Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Այս ֆոնին շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցները։ Սա, կամա թե ակամա, մեզ բերում է որոշ եզրակացությունների, որ այսօր Հայաստանի կառավարությունը և ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր։
Խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ խորհրդարանի կողմից հաստատված «Հանրակրթության մասին» օրենքից դժգոհեց: Նա օրենքը համարեց կրթական համակարգի բարեփոխմանը հակառակ քայլ:
Լիլիթ Գալստյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Միակ նպատակը դպրոցների կառավարման կենտրոնացումն է։ Դպրոցների բոլոր տնօրեններին այսուհետ պետք է նշանակի միայն լիազորված պետական մարմինը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ուշադրությունն այլ հարցի վրա է: Անհրաժեշտություն կա ամբողջությամբ հրապարակել 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն-ազգանունները՝ հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Ցավալիորեն, որևէ մեկը չի կարող արձանագրել, թե իր հարազատներից մեկը, որը զոհվել է 44-օրյա պատերազմում, արդյոք արտացոլվա՞ծ է ընդհանուր ցանկում, թե՞ ոչ: Սա է հիմնական պատճառը, որ ժամանակի ընթացքում զոհերի թվերի հետ կապված անընդհատ խնդիրներ են առաջացնում:
Հայկ Մամիջանյանն էլ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին ու Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ Անկարայից դրական ազդակներ են գալիս հայտարարությանը: Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, Սյունիքով միջանցքի թուրքական տարբեր հայտարարությունների մասին և շեշտեց՝ դրական ազդակ ինքը չի տեսնում:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Ա՛յ էս ազդակներն են դրական, պիտի ՔՊ-ից լինես, որ կարողանաս այդ ազդակները դրական ընկալել: Այլ ազդակներ Թուրքիայի որևէ պետական ինստիտուտից ես չեմ տեսել:
Կառավարող «Քաղաքացիական պայմանագրին» էլ հարցեր եղան դատավոր Բախշիյանի կալանավորումից: Դիտարկմանը, որ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ է այս հարցում իրավունքների խախտում արձանագրել, արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Հետաքրքրական է, երբ որ մենք բարձրացնում էինք պետական ծառայողների, այդ թվում՝ պատգամավորների պաշտպանության հարցը, Մարդու իրավունքների պաշտպանն ասում էր, որ դա իր գործառույթներից դուրս է: Հիմա պարզվում է, որ իր գործառույթների շրջանակո՞ւմ է: Յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա իր լիազորությունները ու այն պատասխանատվությունը, որը նախատեսվում է՝ այդ լիազորությունները խախտելու համար: Այո՛, դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր և գործադիր իշխանությունից, բայց դատավորը չի կարող անկախ լինել օրենքից:
Հաջորդիվ ռազմական գործողություններից հետո հումանիտար դաշտում պետությունների հետ համագործակցության հարցն էր: Վարդանյանը կարծում է, որ մարդասիրական քայլերը սակարկության որևիցե տեղ չպետք է թողնեն, այդ պատճառով էլ Արցախի առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 մարդու մարմին է փոխանցվել Ադրբեջանին՝ առանց նախապայմանների:
Վլադիմիր Վարդանյան - Մենք անհետ կորածների պարագայում մի հարց ենք բարձրացնում բոլոր միջազգային հարթակներում: Խոսքը բռնի անհետացման դեպքերի մասին է, երբ առկա է վիդեոնյութ կամ ֆոտոնյութ, երբ մեր զինվորները գերեվարվել են, բայց դեռևս չեն ստացել գերու կարգավիճակ, այնուհետև այդ անձանց վերաբերյալ ինֆորմացիան կորել է:
Պատգամավորը հավելեց, որ կա անհետ կորած անձանց որոշակի խումբ, որոնց ճակատագրերը դեռ պարզել է պետք, ու վստահեցրեց, որ հնարավոր բոլոր ջանքերը գործածվում են, որ անհետ կորածները հայտնաբերվեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան