Այսօր Երևանում անցկացվել են տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, պաշտպանության նախարարության, թվայնացման նախարարության, արդարադատության նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԽ գրասենյակի, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի շրջանակներում հիմնադրված ՏՀՏ կիրառման հարցերով պատասխանատու Բաց կազմով 2021-2025 թթ. աշխատանքային խմբի առաջին բովանդակային քննարկման արդյունքներին: Ընդգծվել է տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը:
Վերահաստատվել է ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ընդլայնման կարևորությունը:
Բանակցությունների արդյունքների հիման վրա փորձագիտական մակարդակով համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագիծը: