Փետրվարի 10-ին ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Անդրանիկ Քոչարյանը և Վլադիմիր Վարդանյանը:
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, նշել է, որ մինչև երեկո կտրվի սպառիչ պատասխան:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հարցին, նշել է, որ յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա և՛ իր լիազորությունները, և՛ պատասխանատվությունն այդ լիազորությունները խախտելու համար:
«Դատավորները ՀՀ-ում պետք է անկախ լինեն օրենսդիր և գործադիր իշխանությունից, բայց դատավորը չի կարող անկախ լինել օրենքից»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ դատական իշխանության գնահատումն ԱԺ պատգամավորների գործառույթներից դուրս է: