Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Վերջինիս ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը և ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելը:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանը, կոնկրետ ուղղություններով ՀՀ դատախազության կարողությունների զարգացմանը միտված ԱՄՆ կառավարության և անձամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործադրած ջանքերը:
Հատկապես կարևորվել է Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման և կայացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, ապօրինի հարստացման, հիպերհանցագործությունների դեմ պայքարում և այլ ուղղություններով ՀՀ դատախազների վերապատրաստումներին ցուցաբերված խորհրդատվական, տեխնիկական օժանդակությունը:
Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը հետևողական է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից հափշտակված և դուրս բերված ակտիվները Հայաստան վերադարձնելու հարցում, ընդգծել է իրավական փոխօգնության շրջանակում ԱՄՆ-ի հետ համագործակցության առավել խորացման նշանակությունը:
Դեսպան Թրեյսին շնորհակալություն է հայտնել հանդիպման և հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալու հնարավորության համար:
Նա ընդգծել է, որ նշվում է հայ-ամերիկյան գործընկերության 30-ամյակը, և փոխանցել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում ՀՀ իրավասու մարմինների գործադրած ջանքերին:
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց պատկերացումներն ու ակնկալիքներն են հայտնել իրավական փոխօգնության, քննչական հարցումների կատարման, էքստրադիցիայի, ՀՀ դատախազության կարիքների գնահատմամբ նոր ծրագրերի իրականացման ոլորտներում համագործակցության հեռանկարների և այլ հարցերի շուրջ:
Դեսպան Թրեյսիի կողմից բարձրացված առանձին իրավական հարցերի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: