Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետության բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունները և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները կառաջնորդվեն ՀՀ կառավարության կողմից սահմանված ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչներով: Արդյունքում՝ կպահպանվի պարապողների առողջությունը, մարզումների ընթացքում անվտանգությունը, մարզակառույցների շենքերի մաքրման, ախտահանման աշխատանքների նկատմամբ ամենօրյա հսկողությունը:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2020 թ. ապրիլի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 9-րդ կետի հանձնարարականով: «Հայաստանի Հանրապետությունում գործող 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ն են ՊՈԱԿ հանդիսացող մանկապատանեկան մարզադպրոցներ, մնացածը ՀՈԱԿ-ներ են: Եվ միայն ՊՈԱԿ-ների վրա է տարածվում կառավարության 2005 թվականի համապատասխան որոշումը, որով սահմանված են մարզադպրոցներում ուսումնամարզական խմբերի մեկ պարապմունքի տևողությունը, մարզադպրոց ընդունվողների նվազագույն տարիքը, մարզական կառույցների չափերը, մարզագույքից միաժամանակյա օգտվող մարզիկների առավելագույն թիվը, մարզակառույցների մաքրման և ախտահանման աշխատանքների հսկողությունը: Այս չափորոշիչներով առաջնորդվելը ապահովում է մարզիկների անվտանգությունը, ուսումնամարզական պարապմունքների արդյունավետությունը և սանիտարահիգիենիկ հսկողությունը: Ներկայացված նախագծի ընդունմամբ հանրապետության ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող բոլոր մանկապատանեկան մարզադպրոցները կառաջնորդվեն միևնույն չափորոշիչներով, որոնք սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ»,- ասել է նախարարը՝հավելելով, որ չափորոշիչների ներդրման վերջնաժամկետ է սահմանված 2024 թ. սեպտեմբերի 1-ը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թե սպորտի, թե հանրակրթության բնագավառում Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չեն գործում: «Հարցը շատ կարևոր է և դարձյալ ինստիտուցիոնալ կայացման հետ առնչություն ունի, որովհետև, երբ մենք առավել ևս հանրակրթության կամ մարմնակրթության, կրթության ոլորտին ենք անդրադառնում, մեծ հաշվով կապ չունի, թե այդ կրթօջախն ում ենթակայության տակ է՝ այդ կրթօջախները պետք է գործեն պետական ստանդարտի համաձայն: Այսինքն՝ մենք չենք կարող սպորտի, մարմնակրթության բնագավառներում, հանրակրթության ոլորտում ունենալ այնպիսի կրթօջախներ, որոնք պետական ստանդարտով չգործեն: Որոշումը նաև մարզադպրոցների աշխատանքն այս իմաստով կանոնակարգելու նպատակ ունի, որը նաև իր հետ բերում է նաև որոշակի պահանջներ, որոշակի ստանդարտներ, այդ թվում՝ այնտեղ աշխատանքի ներգրավվող մասնագետներին առաջադվող պահանջների մասով: Շատ կարևոր է, որ այս ստանդարտիզացիան տեղի ունենա, որպեսզի միասնական քաղաքականություն իրականացնենք»,- ասել է վարչապետը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի այս որոշումն ընդունելուց հետո համայնքները և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ակտիվորեն աշխատեն համայնքերի հետ սուբենցիոն ծրագրերում մարզադպրոցները ներգրավելու համար. «Քննարկենք և գուցե անհրաժեշտություն լինի հատկացվող գումարները և տոկոսային մասնաբաժինները մեծացնել նաև այս առումով, որ մենք հասցնենք մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՈԱԿ հանդիսացող մարզադպրոցները բերել պատշաճ մակարդակի»: