ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ, ՔՆՆԻՉՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Դատավորների, դատախազների և քննիչների կենսաթոշակը կբարձրանա. Կառավարությունը հաստատեց միասնական մոտեցում սահմանելու որոշումը: Նախագիծն աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց՝ դեռ 2019-ին Սահմանադրական դատարանը Մայր օրենքին հակասող ու խտրական էր որակել դատավորներին տարբերակված թոշակ նշանակելու մոտեցումը: Արդյունքում՝ մշակած փաթեթով վերանայել են ոչ միայն դատավորների թոշակի պայմանները, այլև իրավապահ համակարգի մյուս կառույցների՝ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեների, ՊԵԿ-ի աշխատակիցներինը: Բարձրացումը վարչապետը կարևոր քաղաքական որոշում որակեց:
Վարչապետը նկատեց՝ այս ոլորտում սոցիալական երաշխիքների ապահովումն ուղիղ ազդում է դատական համակարգի աշխատանքի որակի, արդյունավետության վրա: Հարցը բնորոշելով հանրային տեսանկյունից շատ զգայուն՝ Փաշինյանը մի դրվագ պատմեց վերջերս քաղաքացիների հետ կայացած հանդիպումից: Մասնակիցներից մեկը, ըստ նրա, դժգոհել էր արդարադատության համակարգից ու այս ֆոնին ոչ արդարացի էր որակել այդ համակարգի աշխատողների աշխատավարձի ու թոշակի բարձրացումը:
Փաշինյանը հիշեցրեց՝ այն, որ երկրում դատական համակարգի կայացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել, արձանագրում են նաև միջազգային կազմակերպությունները, վերջինը դեկտեմբերին ԵՄ արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակված զեկույցն էր, որով Հայաստանն անկախ դատական համակարգ ունենալու առումով առաջատար երկրներից է, ասաց վարչապետը:
Թեման արդարադատության նախարարը շարունակեց:
Փաշինյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը նախատեսում է դատական համակարգում աշխատավարձերի նոր բարձրացում անել: Հիմնավորումը պարզ է՝ կոռուպցիայի հիմնական անկյունաքարը պետական պաշտոնայի ցածր աշխատավարձն է:
ԿԱՐԳԵԼՎԻ ՆԱԵՎ ԾԽԱԽՈՏԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԸ
Օրակարգի մյուս հարցով էլ որոշվեց՝ նիկոտին պարունակող ծխախոտի փոխարինիչների ցուցադրումը, շրջանառությունը, օգտագործումը կսահմանափակվեն. էկոնոմիկայի նախարարության ներկայացրած փաթեթով կսահմանվի անվտանգության տեխնիկական կանոնակարգ, կհեշտանա վերահսկողության իրականացումը:
Նորարարական փոխարինիչների նկատմամբ նաև հարկային քաղաքականությունը պետք է խստացվի, որ դասական ծխախոտի կողքին, դրանք, թեթև հարկված լինելու շնորհիվ, ավելի գրավիչ չդառնան՝ նկատեց ֆինանսների նախարարը, տեղեկացրեց՝ շուտով կներկայացնեն օրենքի փոփոխության նախագիծը: Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն էլ վարչապետի հարցին ի պատասխան շտապեց զեկուցել՝ հունվարի 1-ից գործող կարգավորումը, որով առևտրի կետերում, կրպակներում արգելվում են ծխախոտի բացահայտ վաճառքն ու գովազդը, գրեթե ամբողջությամբ պահպանվում է:
Այս արգելքը նաև փոխարինիչների վրա կտարածվի, մարտի 15-ից էլ կարգելվի հանրային սննդի փակ ու բաց տարածքներում ծխելը:
ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՎ
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ էլ ՀՈԱԿ-ներ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ համարվող մարզադպրոցները նույնպես կառաջնորդվեն պետական չափորոշիչներով: 2005-ից գործող որոշումը մինչև հիմա 175 մանկապատանեկան մարզադպրոցներից միայն 33-ի վրա էր տարածվում՝ զեկուցեց կրթության նախարարը:
Կլինի սպորտի թե հանրակրթության բնագավառում, Հայաստանը չի կարող ունենալ այնպիսի կրթօջախ, որ պետական ստանդարտով չի գործում՝ սա էլ շեշտեց վարչապետը: Հարցը կարևոր համարեց ինստիտուցիոնալ կայացման տեսանկյունից, ասաց.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ կարևոր է, որ այս ստանդարտիզացիան տեղի ունենա, որպեսզի միասնական քաղաքականություն իրականացնենք:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ նկատեց՝ որոշումն ընդունելուց հետո կարիք կլինի ակտիվ աշխատել համայնքների հետ, որ սուբվենցիոն ծրագրերում մարզադպրոցներն էլ ներգրավվեն:
ՀՈԱԿ-ների համար չափորոշիչների ներդրման վերջնաժամկետը 2024 թ. սեպտեմբերի 1-ն է: