Բրիտանական Economist Intelligence Unit հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, 0.14 միավորով բարելավել է ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը: Ըստ հետազոտության՝ Հայաստանը 89-րդն է 167 երկրների շարքում և առաջատարը՝ տարածաշրջանում:
Զեկույցում նշվել է, որ Հայաստանում նախորդ տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամուր հանրային մանդատ են տվել` անկայունության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո։
«Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակն Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմից հետո երկրին կայունություն բերեց: Դա կառավարությանը հնարավորություն տվեց շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը»։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները ժողովրդավարության ամրապնդման, մասնավորապես՝ անկախ դատական համակարգի ձևավորման ուղղությամբ։ Մտահոգիչ է համարվում այն, որ ընդդիմությունը մարգինալացված է։
Վրաստանը ժողովրդավարության ցուցանիշով հետընթաց է գրանցել՝ հայտնվելով 91-րդ հորիզոնականում։ Քաղաքական լարվածության պատճառով՝ երկրում նվազել է սոցիալական համախմբվածությունը։ Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև լարվածության գագաթնակետը դարձել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ձերբակալությունը։
Հայաստանի տարածաշրջանային մյուս հարևանը՝ Թուրքիան, 103-րդն է․ երկրի ընդհանուր միավորը վերջին տասնամյակում շարունակաբար նվազել է: Ըստ զեկույցի՝ ցուցանիշն արտացոլում է նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնիշխանական ղեկավարումը:
«Համատարած կոռուպցիան խարխլել է վստահությունը կառավարության նկատմամբ։ Դժվարությամբ ձեռք բերված մակրոտնտեսական կայունությունը խաթարվել է գնաճի, քաղաքական սխալների և թուրքական լիրայի արժեզրկման հետևանքով»:
Ադրբեջանը, որը զեկույցում նույնպես դասվում է ավտորիտար ռեժիմների շարքին, զբաղեցրել է 141-րդ հորիզոնականը։
«Հանրային դժգոհությունը խորացել է, իսկ իշխող վարչակարգը դրան արձագանքել է բռնաճնշումներով, ինչը հանգեցրել է բռնությունների արմատավորմանը և այլախոհության դրսևորումների ճնշմանը»:
«Ժողովրդավարության ինդեքս-2021»-ի լավագույն հնգյակում են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Իսլանդիան: Ամենավատ ցուցանիշն արձանագրվել է Աֆղանստանում:
Ամենամյա հետազոտությունը գնահատում է ժողովրդավարության վիճակը 167 երկրում՝ հինգ ցուցանիշի հիման վրա՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, մասնակցություն քաղաքական կյանքին, ժողովրդավարական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:
Զեկույցի համաձայն՝ աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն ապրում է ավտորիտար կառավարման պայմաններում, և միայն 6,4 %-ն է վայելում լիակատար ժողովրդավարությունը, որը, ընդհանուր առմամբ, 2021 թվականին շարունակել է սրընթաց անկում ապրել։