Ադրբեջանը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու իր քաղաքականությունը: Այդ մասին Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
Ֆրենկ Փալոն, ԱՄՆ կոնգրեսական - Ալիևը շարունակում է հայոց պատմությունը ջնջելու իր ջանքերը՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որ Ադրբեջանը չպետք է պղծի կամ ոչնչացնի հայկական մշակութային կոթողները: Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի նրա գործողությունները և պատասխանատվության ենթարկի այդ աղաղակող խախտումների համար:
*****
Հյուսիս-հարավ միջանցքի մաս կազմող Ռաշտ-Աստարա երկաթուղին կառուցվելու է Ռուսաստանի ֆինանսավորմամբ: Այդ մասին «Իրան» օրաթերթի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի երկաթուղային ընկերության ղեկավար Ալի Աքբար Մորադին: «Նախկինում որոշվել էր, որ Ադրբեջանը պետք է 500 մլն դոլարի ներդրում կատարի, սակայն պատժամիջոցների պատճառով դա հնարավոր չեղավ, այժմ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել նախագիծը»,- ասել է պաշտոնյան:
*****
Մոսկվան պատրաստ է աշխատել Լոնդոնի հետ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լիզ Թրասի հետ երկու ժամ տևած բանակցություններից հետո։
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Մեր երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը թերևս ամենացածրն է, և ոչ մեր մեղքով։ Մենք կողմ ենք կարգավորմանը, ինչը հնարավոր է միայն իրավահավասարության և փոխադարձ շահերը հարգելու դեպքում:
Ռուսաստանի արտգործնախարարը հավելել է, որ վերջնագրերը և սպառնալիքները լավ բանի չեն հանգեցնի։ Լավրովը տեղեկացրել է, որ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինային, Բելառուսին, Չինաստանին և Իրանին։ «Մինսկյան համաձայնությունները ոչ միայն չեն կատարվում, այլև մերժվում են Կիևի ռեժիմի ներկայացուցիչների կողմից»,- հավելել է դիվանագետը։
Լիզ Թրասը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելացնում է զորքերը Ուկրաինայի հետ սահմանին։ Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը։
Լիզ Թրաս, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար - Մոսկվան դեռ Կիևի դեմ ագրեսիային վերջ տալու հնարավորություն ունի, հակառակ դեպքում լուրջ հետևանքներ կլինեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար, այդ թվում՝ էներգակիրների մատակարարման հարցում:
Զորավարժությունների մասին
«Ռուսական զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի զորքերն ու ռազմական տեխնիկան այդ երկրների տարածքից դուրս են և ուղարկվում են Բալթյան երկրներ, Սև ծովի ավազանում գտնվող երկրներ։ Տիկին նախարարը հասկացրեց, որ այդ հարցը մեզ չի վերաբերում, մինչդեռ Ռուսաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը Լոնդոնի և Արևմուտքի գլխավոր մտահոգությունն են»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա, ինչը, Լավրովի խոսքով, հաստատել են նաև Պենտագոնից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։
«Ես հիասթափված եմ, մեր շփումն ասես երկխոսություն լինի համր և խուլ մարդկանց միջև․ մեր մանրակրկիտ պարզաբանումները չեն հասկանում»,- ասել է Լավրովը։ Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ պաշտոնական Մոսկվան դիվանագիտության կողմակից է։