ԱՄՆ-ի գործող կառավարության հավատարմությունը երկրի նախկին վարչակազմի քաղաքականությանը բանակցություններում ընդունելի առաջընթացի համար գլխավոր խոչընդոտն է: Այդ մասին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Նա նշել է, որ անկախ միջուկային գործարքից՝ Իրանը պատրաստ է բարձրացնելու իր հարաբերությունների մակարդակն ու խորացնելու համագործակցությունն այլ պետությունների, այդ թվում՝ Ճապոնիայի հետ:
Իրանական կողմն ընդգծել է, որ արդեն ութ փուլով անցած բանակցությունները մոտենում են ավարտին, և դրան զուգահեռ՝ Վիեննայում ԱՄՆ պատվիրակությունը նկատելիորեն ակտիվացել է՝ առանձին հանդիպումներ անցկացնելով Ռուսաստանի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ: