Հայաստանի օրակարգում Միութենական պետություն դառնալու հարց չկա. եթե նման հարց չկա՝ իմ դիրքորոշումն այն է, որ Հայաստանը սուվերեն պետություն է, ժողովրդավար պետություն է և պետք է մնա այդպիսին: Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը՝ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ տվյալ հայտարարության հետ կապված բոլոր քայլերը կատարվել են:
«ՀՀ-ն արձագանքել է. արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է արտաքին գործերի նախարարությունը, դեսպանը կանչվել է, դրա մասին նաև երեկ ԱԺ-ում է խոսվել: Կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հույս ունեմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմն այլևս կխուսափի որևիցե գնահատական տալուց Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում Հայաստանի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերությունից, մանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովուրդների միջև»,- ասաց Արմեն Գրիգորյանը: