ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ձևաչափում, և մենք պետք է խաղաղ ճանապարհով խնդրին լուծում գտնենք: Այդ մասին Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած գործընթաց, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորումը, մեզ համար մտահոգիչ է:
«Կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ակտիվ լինելու դեպքում ունեն բոլոր այն լծակները և հնարավորությունները՝ կանխելու ռազմական ճանապարհով որևէ քայլ ձեռնարկելը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների՝ Արցախում գտնվելուն, Արմեն Գրիգորյանն ասաց. «Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ, կարծում ենք՝ քանի ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որպեսզի կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել: Քանի դեռ չկա, խաղաղապահների գործունեությունն այնտեղ անհրաժեշտություն է. Հայաստանը շարունակելու է աշխատել, որ խաղաղապահները տեղակայված լինեն այնտեղ և մնան այնքան ժամանակ, մինչև մենք խնդրին կարգավորում գտնենք»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից Հայաստանում լրտեսական ցանցի բացահայտմանը, ԱԽ քարտուղարը նշեց՝ նման երևույթի առկայությունը մտահոգիչ է:
«ԱԱԾ-ի նման երևույթներ բացահայտելու գործունեությունը, կարծում եմ, որ մեզ հնարավորություն է տալիս կամ բացառել, կամ մինիմալիզացնել դրանք. դրանք շարունակական աշխատանքներ են»,- ասաց Արմեն Գրիգորյանը: