Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության ժամը 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։ Խնդրի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել՝ հայտնում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից:
Նշվում է, որ փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։
««Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար: «Քրոնիկոնի» 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին»,- ասված է հեռուստաընկերության պաշտոնական կայքում։
«Իմեդի» հեռուստաընկերությունն ափսոսանք է հայտնել և ներողություն հայցել թույլ տված սխալի համար։ Նշվում է, որ սյուժեի այդ հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։