Մոսկվան պատրաստ է աշխատելու Լոնդոնի հետ՝ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լիզ Թրասի հետ երկու ժամ տևած բանակցությունից հետո։
«Մեր երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը թերևս ամենացածրն է, և ոչ մեր մեղքով։ Մենք կողմ ենք կարգավորմանը, ինչը հնարավոր է միայն իրավահավասարության և փոխադարձ շահերը հարգելու դեպքում»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ վերջնագրերը և սպառնալիքները լավ բանի չեն հանգեցնի։ ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է, որ բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել Ուկրաինային, Բելառուսին, Չինաստանին և Իրանին։ Նրա խոսքով՝ Մինսկի համաձայնությունները ոչ միայն չեն կատարվում, այլև մերժվում են Կիևի կողմից:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը ավելացնում է զորքերը Ուկրաինայի հետ սահմանին։ Նա կոչ է արել թուլացնել լարվածությունը։
«Մոսկվան դեռ հնարավորություն ունի վերջ տալու Կիևի դեմ ագրեսիային, հակառակ դեպքում լուրջ հետևանքներ կլինեն Ուկրաինայի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի համար, այդ թվում՝ էներգակիրների մատակարարման հարցում»,- ասել է Թրասը:
Կողմերն անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին վերջին զորավարժություններին:
«Ռուսական զորքերը տեղաշարժվում են Ռուսաստանի տարածքում։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի զորքերն ու ռազմական տեխնիկան այդ երկրների տարածքից դուրս են և ուղարկվում են Բալթյան երկրներ, Սև ծովի ավազանում գտնվող երկրներ։ Տիկին նախարարը հասկացրեց, որ այդ հարցը մեզ չի վերաբերում, մինչդեռ Ռուսաստանի տարածքում գտնվող ռուսական զորքերը Լոնդոնի և Արևմուտքի գլխավոր մտահոգությունն են»,- ընդգծել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա, ինչը, ըստ Լավրովի, հաստատել են նաև Պենտագոնից, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։