Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2021 թվականին բարելավել է իր ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով 2020 թվականի համեմատ: Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
«Հայաստանը, այսպիսով, 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով, և առաջատարը տարածաշրջանում: Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը:
Ըստ «Էքոնոմիստի»՝ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տուրբուլենտության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ:
Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումները:
Ինչևէ, «Էքոնոմիստը» նաև նշել է, որ չնայած ժողովրդավարության ցուցանիշի բարելավմանը՝ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ, այդուհանդերձ, կան որոշակի մտահոգություններ:
Մասնավորապես՝ դատական իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլհակյանը: