2021-ին առևտրաշրջանառության ծավալը 2020-ի համեմատությամբ աճել է 7,5 տոկոսով: Տնտեսագետների դիտարկմամբ՝ առևտրաշրջանառության աճին նպաստել է քաղաքացիների պահանջարկի վերականգնումը, իսկ մանրածախ առևտրի 71 տոկոսը բաժին է ընկնում Երևանին:
Մանան Սողոմոնյան, խանութ-սրահի մենեջեր - 2021 թվականին մեր խանութում բավական աճ ենք ունեցել:
Պայուսակների խանութի մենեջերը նշում է՝ նախորդ տարիների համեմատ՝ 2021-ին իրենց առևտուրն աճել է: Առհասարակ, նախորդ տարի Հայաստանում առևտրի շրջանառությունը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալի, կազմել է 3 տրլն 390 մլրդ 983 մլն դրամ: Սա 7.5 տոկոսով ավելի է 2020-ի ցուցանիշից:
Մանան Սողոմոնյան - Քովիդի հասցրած վնասներից կարծես թե խանութն արդեն վերականգնվում է:
Առևտրաշրջանառության կառուցվածքում 53.7 տոկոսը մեծածախ առևտուրն է, 42.8-ը՝ մանրածախ և 3.5 տոկոսը՝ ավտոմեքենաների: Մանրածախ առևտրի 78.2 տոկոսն արվել է խանութներից, 4.8 տոկոսը՝ սպառողական ապրանքների շուկաներից, 1.1-ը՝ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներից, 1.5 տոկոսը՝ կրպակներից և 14.4 տոկոսը՝ առևտրի այլ օբյեկտներից:
Անի Նարիմանյան, խանութ-սրահի մենեջեր - Բնակչության շրջանում աշխուժություն կա: Տարբեր ապրանքաձևերի, ապրանքատեսակների հետ կապված կա պահանջարկ:
Առևտրաշրջանառության աճին նպաստել են գնաճը, ներմուծված ապրանքների աճը, քաղաքացիների պահանջարկի վերականգնումը՝ կարծում են տնտեսագետները:
Վիլեն Խաչատրյան, ՀՀ ՊԿԱ կառավարման ամբիոնի վարիչ - Տնտեսության համար առևտրաշրջանառության աճն ակտիվության մասին է խոսում: Դա նշանակում է, որոշակի առումով շարժ կա: Կարծում եմ՝ 2020 թվականի համեմատությամբ այս ցուցանիշները բավականին աճել են:
Հայաստանի մանրածախ առևտրի 71 տոկոսը բաժին է ընկնում Երևանին, 5.1 տոկոսը՝ Կոտայքի մարզին, 4.5 տոկոսը՝ Արմավիրի մարզին, ամենափոքր տեսակարար կշիռը Վայոց ձորի մարզինն է՝ 0.6 տոկոս:
Վիլեն Խաչատրյան - Երևան քաղաքում գրեթե 2 անգամ շատ են կազմել մանրածախ առևտրի ծավալները: Եթե համեմատություն անենք այս առումով, 1 երևանցու տեսանկյունից այս ցուցանիշը 1 միլիոն դրամի է մոտենում՝ ամբողջ տարվա կտրվածքով:
2021-ին առևտրաշրջանառության համար ամենաակտիվ ամիսը եղել է դեկտեմբերը, իսկ ամենապասիվը՝ հունվարը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան