Փետրվարի 2-ին Բաքվում անցկացվել է երիտասարդական ֆորում, որին մասնակցել և ելույթ է ունեցել Իլհամ Ալիևը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ի շարս այլ հարցերի, նա անդրադարձել է երիտասարդների միջոցով պետության դեմ քայքայիչ գործողություններին՝ նշելով, որ երիտասարդներին ավելի հեշտ է մոլորեցնել, հետևաբար գլոբալիստների, կամ ինչպես Ալիևն ինքն է անվանում, «սորոսչիների» թիրախը երիտասարդությունն է: Այդ նպատակով հիմնադրամներ են ստեղծվում, նվիրատվություններ են արվում: Ըստ նրա, տարբեր լավ ծրագրերով այդ կործանարար առաքելությունն է իրականացվում՝ երիտասարդներին հանելու իրենց պետության դեմ, առաջին հերթին՝ նախնիների, պատմության, արժեքների և հետո նրանց օգտագործելու որպես զոմբի:
Ալիևի պնդմամբ՝ Ադրբեջանի դեմ գլոբալիստների պառակտիչ-քայքայիչ գործունեությունը շարունակվելու է, չնայած որ հաղթել են բոլոր ասպարեզներում՝ թե՛ քաղաքական, թե՛ մնացած: «Նրանց վերջին փաստարկը Ղարաբաղի տարածքներն էին, բայց դա էլ կորցրին, այդ իսկ պատճառով նրանք այժմ Հայաստանի հետ միասին նոր ծրագրեր են կազմում»,- ասել է Ալիևը:
Այնուհետև խոսել է սոցցանցերի հայկական տիրույթում տարածված մի լուսանկարի մասին, որում, իբր, Ջորջ Սորոսն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն են պատկերված՝ ասելով, թե կարող են նայել՝ ինչ ջերմորեն են միմյանց հենված, կարծես երկգլխանի վիշապ լինեն, սակայն վիշապը թույլ դուրս եկավ, ոչինչ չվերցրեց: Ըստ Ալիևի, բոլոր փոփոխությունների թիկունքում կանգնած են նույն ուժերը, ու հիմա բոլորը տեսնում են, թե ինչի են հանգեցրել այդ հեղափոխությունները, այդ թվում՝ Հայաստանում:
Երիտասարդական ֆորումում Ալիևի հիշատակած լուսանկարն իրականում կեղծված է՝ ֆոտոշոփով ստեղծված, որը, ամենայն հավանականությամբ, արվել է հայաստանյան ընդդիմության կողմից՝ վարկաբեկելու վարչապետի անձը։
Վարչապետ Փաշինյանի և Սորոսի պատկերով լուսանկարի մասին Ալիևի հայտարարությանն անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Տարոն Չախոյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - Շնորհավորում եմ, Հայաստանի «շնորհաշատ» ընդդիմությանը հաջողվեց մոլորեցնել անգամ Ալիևին։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, ինչպես հաղորդում է «Ազերթաջը», Ալիևը հայտարարել է, որ համացանցում կա անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սորոսի լուսանկարը։ Վարչապետ Փաշինյանին վարկաբեկելու նպատակով հայաստանյան ընդդիմության կողմից պատրաստված կեղծ լուսանկարին հավատացել և ֆեյք ինֆորմացիայի զոհ է դարձել անգամ Ալիևը։ Հայաստանյան «շնորհաշատ» ընդդիմությանը թերևս հաջողվել է և շարունակում է հաջողվել ջուր լցնել Ալիևի ջրաղացին, որովհետև վերջիննեիս նպատակը մեկն է՝ վարկաբեկել վարչապետի անձը, այդ թվում նաև ֆեյք լուսանկարներով ու ինֆորմացիայով, և վերջիններիս չի էլ հուզում, որ դա կարող է վնասել նաև Հայաստանի շահերին և միջազգային հեղինակությանը։
Իրականում՝ վարչապետ Փաշինյանը երբեք չի հանդիպել Ջորջ Սորոսին։ Իսկ նրանց մեկտեղած լուսանկարի բնօրինակը արվել է 2019 թվականին՝ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ: Իրական լուսանկարում պատկերված են Հյուսիսային Մակեդոնիայի նախկին վարչապետ Զոռան Զաևը և Ջորջ Սորոսը։ Բայց եթե վարչապետ Փաշինյանի ու Սորոսի լուսանկարը կեղծված էր, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրականում է հանդիպել Ջորջ Սորոսին: Նաև լուսանկարվել է նրա հետ: Այդ հանդիպման մասին հիշատակում կա Ադրբեջանի նախագահի կայքում, որտեղ նաև լուսանկար է տեղադրված։ Հաղորդագրությունն ու Դավոսում արված լուսանկարը Ադրբեջանի նախագահի կայքում հրապարակվել են 2015 թվականի հունվարի 22-ին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Սորոսի հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանում ընթացող զարգացման գործընթացների շուրջ»:
Ջորջ Սորոսի, կեղծ լուսանկարի և պետությունը երիտասարդության միջոցով պառակտելու մասին Ալիևի հիշատակումներն արձագանք են գտել ադրբեջանական ընդդիմադիր հանրության շրջանում: Մասնավորապես, «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին զարմանալի է համարել Իլհամ Ալիևի խոսքերն ուղղված Սորոսի հիմնադրամի դեմ, քանի որ Ջորջ Սորոսի հետ Իլհամ Ալիևի և նրա հոր հանդիպումների, բանակցությունների ու դրանց արդյունքում՝ Ալիևների անմիջական համաձայնությամբ 1999 թվականից Ադրբեջանում սկսեց գործել Սորոսի հիմնադրամ կոչվող Բաց հասարակության ինստիտուտը, որը նաև գրասենյակ վարձեց Բաքվում, և Իլհամ Ալիևի թույլտվությամբ նույնիսկ առանձին հինգհարկանի գրասենյակի շենք կառուցեց, որտեղ գործեց մինչև 2014 թվականը: Ջամիլ Հասանլին երկրորդել է՝ Իլհամ Ալիևը բազմիցս (այդ թվում՝ Դավոսի Ֆորումում) հանդիպել և զրուցել է Ջորջ Սորոսի հետ:
Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող պատմաբան Յադիգար Սադըքլըն ևս մեկնաբանել է Ալիևի խոսքերը Ջորջ Սորոսի մասին՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներով անընդհատ տարածվում է Ջորջ Սորոսի և Նիկոլ Փաշինյանի համատեղ լուսանկարը: Այնպիսի լրատվական կայքեր, ինչպիսին են APA-ն, Yeniavaz-ը, Oxu.az-ը, Yeni Musavat-ը, Milli.az-ը, Trend-ը, Haqqin.az-ը ժամանակ առ ժամանակ հրապարակում են այս լուսանկարը, որի մասին խոսել է նաև Իլհամ Ալիևը երիտասարդների օրվա առթիվ: Սադըքլըն իր հետևորդներին նաև տեղեկացրել է, որ իրականում՝ բնօրինակ լուսանկարն արվել է 2019 թվականին՝ Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, որում պատկերված են Հյուսիսային Մակեդոնիայի նախկին վարչապետը և Ջորջ Սորոսը: Ըստ Սադըքլըի՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբեք չի հանդիպել Ջորջ Սորոսին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան