44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով, Արցախի քննչական կոմիտեի քննիչի կողմից պարզվել է, որ հիշյալ բնույթի ծառայություններ մատուցած անհատ ձեռնարկատերը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման ամենամսյա ակտերում կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանցում ներառել անձանց, ովքեր իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել և այդ կերպ արտահայտված խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական շարժառիթով, միասնական դիտավորությամբ, 2021 թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է ընդհանուր 15740000 դրամ գումար՝ այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Նկարագրված արարքը կատարելու համար հիշյալ անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արցախի գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Արցախի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: