ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում խոսեց իր՝ «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» արտահայտության մասին և շեշտեց, որ հիմա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում այլ մեխանիզմ է կիրառվում:
«Ես անձամբ ասել եմ, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, դա ասել եմ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ: Իսկ ինչո՞վ էր այդ տուգանային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ. 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր՝ խախտո՞ւմ ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես տուգանվիր, անսահմանափակ արա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Սա կարևոր արձանագրում էր:
Ընդ որում, տուգանքներ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ունեինք 500 հազար դրամանոց «էլիտար» տուգանքներ: 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նախ՝ 15 իրավախախտում, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություններ արեցինք: Դրանցով քաղաքացին պետք է ստանա բանավոր զգուշացում: Բացի այդ, մենք տուգանքների չափերն իջեցրինք, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանեցինք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ դեպքերի 99 տոկոսում տուգանքները չեն գերազանցում 29000 դրամը:
«Մենք ասացինք՝ հարգելի քաղաքացի, եթե շատ խախտում ունես, ուրեմն խնդիր ունես, մենք քեզ ոչ թե թողնում ենք, որ շարունակես խախտում անել և տուգանվել, այլ ասում ենք՝ ուրեմն որոշակի սանկցիաներ են գործում, որոնց արդյունքում դուք կզրկվեք վարորդական իրավունքից և կդադարեք լինել ուրիշների կյանքը վտանգող և, հետևաբար, նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պիտի չտուգանվի»,- ասաց Փաշինյանը: