Սիսիանի և Գորիսի տարածաշրջանի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցները այցելել են Գորիսի զինվորական պանթեոն, ծաղիկներ խոնարհել իրենց զոհված զինակիցների հիշատակին, ապա մասնակցել «Մենք ապրում ենք այնքան, որքան մեզ հիշում են» խորագրով հուշ-ցերեկույթին: Միջոցառման ընթացքում պատերազմի մասնակից 135 ուսանող Սյունիքի մարզպետի կողմից հուշանվերներ է ստացել:
Կարո Ավանեսյան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Մենք մարզպետարանում խորհրդակցել ենք մարզպետի հետ, որպեսզի 44-օրյա պատերազմի Սյունիքի մարզի մասնակիցների հետ հանդիպենք և հնարավորին չափ նվերներ հանձնենք 1-ին, 2-րդ կարգ հաշմանդամներին, որոնք ընդհանուր մարզում 21 հոգի են, ինչպես նաև երիտասարդ մասնակիցներին, հատկապես ուսանող մասնակիցներին:
Պարգևների արժանացավ նաև 44-օրյա պատերազմում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ դարձած 9 զինծառայող: Իսկ Վազգեն Սարգսյանի անվան պատվոգրեր ստացան Երկրապահ կամավորականների միության անդամները, որոնք մարտական գործողությունների ժամանակ առանձնացել էին իրենց հերոսական քայլերով:
Հենրիկ Ասրյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Ծառայել եմ Ղարաբաղում, Մարտակերտի շրջանի Հորաթաղ գյուղում, մասնակցել եմ պատերազմին 44 օր՝ Թալիշ-Մատաղիս հատվածում: Իմ վրա կոնկրետ զարմանում եմ, որ անհնար էր ըտեղից առանց վիրավորվելու կամ առանց խնդրի դուրս գալ, բայց, փառք Աստծո, էսօր կանք:
Հադրութի պաշտպանության ժամանակ վիրավորված, այնուհետև գերեվարված զինվորը այսօր իր տանն է, ասում է` 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը նշել է, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում են նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքները, նրանց աջակցում են աշխատանք գտնելու և սոցիալական հարցերի լուծման հարցերում:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան