Յուրի Սուվարյան (ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար) - Երկրի պառլամենտում քվոտայով ունենք երկու հայ պատգամավոր:
Սա հայ-իրանական բարեկամության հերթական փաստն է: Գործակցության ոլորտները բազմազան են, շարունակում են ընդլայնվել: Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթը ստորագրվել է 1992 թ. փետրվարի 9-ին:
30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» երկօրյա գիտաժողովը մեկտեղել է դեսպաններին, նաև՝ նախկին, երկու երկրի գիտական շրջանակներին: Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուղերձում, որն ընթերցում էր նախարարի օգնականը, շեշտադրվում է՝ գիտական ուժի նմանատիպ հանդիպումներն անհրաժեշտություն են:
Երկու երկրների բազմոլորտ համագործակցության կարևոր մաս են կազմում նաև գիտական կապերը հայ և իրանցի գիտնականների միջև, թերևս այս ուղղությամբ ևս առկա է չիրացված պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է ջանքեր գործադրենք:
Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները Իրանի և Հայաստանի միջև համագործակցության պայմաններ են ստեղծել: Սա էլ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի ուղերձում է շեշտվում: Այն ընթերցեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:
Ցավոք, ղարաբաղյան հակամարտությունը վերջին 30 տարում ոչ միայն կովկասյան տարածաշրջանը կանգնեցրեց անվտանգային ճգնաժամի և անկայունության առջև, այլև ազդեց այս տարածաշրջանի և նրա շրջակա միջավայրի աճի և զարգացման վրա և դանդաղեցրեց տարածաշրջանային փոխգործակցությունները: Այնուամենայնիվ, պատիվ ունեմ հայտնել, որ հակամարտության սկզբից Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձել և փորձում է աջակցել հակամարտության արդարացի լուծմանը:
Ցանկանում եմ ընդգծել իմ երկրի կամքը՝ Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցում:
Արդեն իր ելույթում Իրանի դեսպանը նշում է՝ երկու երկրում էլ ակնկալում են առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի հասցնել, ամեն անցնող տարի առևտրի ծավալների աճ է գրանցվում, 2021 թ. հատկապես այդ աճը զգալի էր:
Ե՛վ ելույթում, և՛ հետո՝ լրագրողների հետ զրույցում, ընդգծում է՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային նախագծի իրականացման արագացումը ընդհանուր նպատակ է, անխուսափելի է դարձել Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի հնարավորինս արագ գործարկումը:
Աբբաս Բադախշան Զոհուրի (Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Առաջիկայում նախատեսվում է հանդիպում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ ուղու իրավական հարցերը կարգավորելու համար:
Լրագրողների հարցին, թե արդյոք այն նախատեսվա՞ծ է որպես Ադրբեջանի և Թուրքիայի, այսպես ասած՝ Զանգեզուրի միջանցք ունենալու ցանկությանը հակակշիռ, Իրանի դեսպանը շեշտում է.
Աբբաս Բադախշան Զոհուրի - Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմաթիվ անգամ արտահայտել են դիրքորոշումը՝ ձեր ասած միջանցքի հետ կապված, և այդ ամենի հետ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ ուղին բացարձակ որևէ կապ չունի:
Դեսպանի բնորոշմամբ՝ Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու որոշմամբ Իրանը հստակ արտահայտում է Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու կարևորությունը: Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքները ավարտական փուլում են: Ժամկետները կհայտարարվեն շուտով:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան