Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից փետրվարի 7-ին ութ զինծառայողի հանձնումը հայկական կողմին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան ընդգծել է, որ կարևոր է հնարավորինս արագ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունների այդ խնդրահարույց հարցը, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով:
Զախարովան հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբեր 2-ից մինչև հիմա ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է, ընդհանուր առմամբ, 146 մարդ. 127-ը՝ հայկական կողմին և 19-ը՝ ադրբեջանական կողմին:
«Կարևոր ենք համարում ջանքեր գործադրել՝ հստակեցնելու հակամարտության ընթացքում անհետ կորածների ճակատագիրը, և մենք նպաստելու ենք դրան ինչպես միջպետական մակարդակում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր»,- նշել է Զախարովան:
Ասուլիսի ժամանակ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: «Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշել է Զախարովան:
Մարիա Զախարովա, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ - 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և պատմական ու մշակութային կոթողների պահպանության հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով:
*****
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը. պետքարտուղարն ընդգծել է 2 երկրի համատեղ հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Կողմերը քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, և այն լրացուցիչ քայլերը, որ Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ստորագրել է մեդիադաշտին առնչվող աղմկահարույց նոր օրենք, որը, ըստ տարբեր փորձագետների, միտված է բարդացնելու լրագրողների կյանքը։ BBC-ի ռուսական ծառայությունն անդրադառնալով թեմային՝ գրում է, որ լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում կներդրվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։ Լրագրողները պարտավոր են գրանցվել միասնական համակարգում, նշել իրենց տվյալները: Լրատվամիջոցները չեն կարող ֆինանսավորում ստանալ արտերկրից: Օրենքի նախագիծն ավելի քան յոթ ամիս թաքցվել է հանրությունից։ Այն ենթադրում է, որ բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործություններ կատարած անձինք չեն կարող գրանցվել համակարգում, հիմնել լրատվամիջոց: Կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ։ Նոր օրենքն արժանացել է մի շարք միջազգային կազմակերպությունների քննադատությանը: Ադրբեջանի լրագրողական համայնքը նույնպես արդեն անհանգստության ահազանգ է հնչեցրել: