ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը:
«Ուզում եմ վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանությունները առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում: Մեր խորին համոզմամբ՝ այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, վստահ կարող եք լինել՝ ՀՀ ներքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանը նաև հաստատեց, որ մեր երկրում Բելառուսի դեսպանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
«Դեսպանին են փոխանցվել մեր համոզմունքներն այն մասին, որ մեր հայտարարությունները միմյանց մասին պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, նաև այն իրավապայմանագրային դաշտը, որոնց հիման վրա կա մեր երկրների միջև համագործակցությունը»,- ասաց Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակելու համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին տարբեր միջազգային հարթակներում:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնասիական այլ պետություններ։
«Հայաստանը փախչելու տեղ չունի: Ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»,- ասել էր Բելառուսի նախագահը: