Հունաստանի կառավարությունը ուղիներ է փնտրում թուրքական անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար՝ Իսրայելից հակադրոնային տեխնոլոգիաներ փնտրելով, ինչպես նաև դիվանագիտական ջանքեր գործադրելով:
Ըստ հունական լրատվամիջոցների՝ թեև վերջերս Աթենքը Ֆրանսիայից ստացել է վեց Rafale կործանիչ, այդ ինքնաթիռների ձեռքբերումը չի մեղմացրել Հունաստանի մտահոգությունը թուրքական ԱԹՍ-ների առնչությամբ։
Այդ ջանքերի շրջանակում Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հունվարի 20-ին Իսրայել կատարած այցի ժամանակ ուսումնասիրել է այդ երկրից հակաօդային սարքերի տեխնոլոգիաներ ձեռք բերելու տարբերակները:
Հունաստանի իշխանությունները չեն նախատեսում գնել անօդաչու թռչող սարքեր, այլ ավելի շատ հակված են ձեռք բերել թուրքական անօդաչու թռչող սարքերի դեմ կիրառվող առաջադեմ հակաօդային տեխնոլոգիաներ:
Պաշտոնաթող հույն գեներալ Էվանգելոս Յորգուսիսի խոսքով՝ էժանագին Bayraktar TB2 անօդաչու սարքերը գլխացավանք են դարձել Հունաստանի համար: Դրանք կարող են օրական 3-4 թռիչք իրականացնել ցածր, միջին և բարձր բարձրություններով՝ հետևելով հունական նավատորմի նավերի շարժմանը և հունական կղզիների պաշտպանությանը:
Միաժամանակ, Հունաստանի ԱԳՆ-ն մտածում է Գերմանիայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու մասին, որպեսզի այդ երկիրը դադարեցնի թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ օգտագործվող որոշ մասերի վաճառքը, գրում է թերթը։