Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Նարեկ Մանթաշյանը կմնա կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր քննեց Մանթաշյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Մանթաշյանը, որը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային անկարգությունները կազմակերպելու և հափշտակության համար, անազատության մեջ է 2021-ի դեկտեմբերից:
Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը պնդեց՝ Մանթաշյանի խափանման միջոցը փոխելու հիմքերը բացակայում են: Նրա խոսքով՝ որպես կալանավորման հիմք է հանդիսացել Մանթաշյանի կողմից նոր արարք կատարելու հնարավորությունը:
Արամ Արամյան (մեղադրող դատախազ) - Էական նշանակություն ունի նաև բաց աղբյուրներում, մասնավորապես՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում այսօրվա դրությամբ առկա այն փաստը, որ Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, ըստ էության, քննվում է 2 քրեական գործ, որի շրջանակում նա ունի ամբաստանյալի կարգավիճակ:
Նշենք, որ քրեական գործերից մեկը, որով մեղադրյալ է Մանթաշյանը, առնչվում է դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին տեղեկությունը հրապարակելուն, մյուսը՝ հասարակական կարգը խախտելուն:
Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևն էլ հակադարձելով մեղադրող դատախազին՝ նշեց. ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր չէ, ըստ նրա՝ իր պաշտպանյալը, մեկ տարի գտնվելով ազատության մեջ, առանց որևէ խափանման միջոցի դրսևորել է պատշաճ վարքագիծ։
Ալեքսանդր Կոչուբաև (Նարեկ Մանթաշյանի պաշտպան) - Այս գործով մեղադրանքն առաջադրվել է դեկտեմբերի 9-ին, իսկ նոր արարքը, որը կատարել է Նարեկ Մանթաշյանը, մեղսագրված է ապրիլ ամսին: Այսինքն՝ շուրջ 6 ամիս առաջ տեղի ունեցած արարքը բերում կապում են այս քրեական գործի հետ:
Անդրադառնալով խոչընդոտելու ռիսկերին՝ Կոչուբաևն ասաց՝ Նարեկ Մանթաշյանի դեմ ուղիղ ցուցմունքներ չկան, այն ցուցմունքները, որոնք վերաբերում են իր պաշտպանյալին, արձանագրված են տեսախցիկներով: Պաշտպանի խոսքով՝ այլ խափանման միջոցներն ի զորու են ապահովելու Մանթաշյանի պատշաճ վարքագիծը, ապա որպես անձի պատշաճ վարքագիծն ապահովող քրեադատավարական գործիք՝ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել գրավ՝ 3 միլիոն դրամի չափով:
Ամբաստանյալ Մանթաշյանն էլ հայտարարեց, որ ինքն անազատության մեջ գտնվելով ավելի ազատ է, քան քննիչն ու դատախազը, որոնք, ըստ նրա, դեմ գնալով իրենց խղճին՝ քրեական գործեր են կարել: Մեղադրող դատախազն առարկեց գրավի միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց կալանքի տակ թողնել Մանթաշյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ Մանթաշյանի կազմակերպմամբ նոյեմբերի 10-ին, բացի կառավարություն ներխուժելուց, նաև միջազգային օդանավ է ապօրինի խուզարկվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան