Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն եղել Փարիզի մյուս գործընկերների հետ։ Այդ մասին հայտնի է դարձել Daily Mail բրիտանական պարբերականին։
Աղբյուրի համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարն առաջարկել է Ուկրաինայի համար ապահովել չեզոք կարգավիճակ, ինչը բացառում է ՆԱՏՕ-ին անդամակցելու այդ երկրի հնարավորությունը։
Ընդ որում, Մակրոնի առաջարկները նախկինում չեն արժանացել Հյուսիսատլանտյան դաշինքում Փարիզի դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, հավանությանը։ Բրիտանական կառավարությունում թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ բանակցություններից առաջ նույնիսկ չի փորձել խորհրդակցել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինային չեզոք կարգավիճակի մասին Մակրոնի առաջարկին չի աջակցել ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ Ուկրաինան:
Սակայն Կիևում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ասել է, որ տեսնում է Մոսկվայի և Ուկրաինայի միջև բանակցությունների «հնարավորություն» և պատերազմը կանխելու «որոշակի, գործնական լուծումներ»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Մակրոնի այցը Ռուսաստան «դրական ազդանշան էր, լավ նախաձեռնություն»: «Այն թուլացրեց Ուկրաինայի պատճառով Արևմուտքի և Մոսկվայի միջև ստեղծված լարվածությունը, բայց դա, այնուամենայնիվ, «հրաշք» չէր»,- ասել է Ժոզեպ Բորելը: