Վերջին մեկ տարում հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախյան առաջին պատերազմից անհետ կորած համարվող 108 անձի մարմին՝ խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ից Արուսյակ Ջուլհակյանի հարցին: Վարչապետի խոսքով՝ ևս երկու մարմին էլ կփոխանցվի առաջիկա օրերին: Ոչ միայն 90-ականների, այլև 44-օրյա պատերազմից հետո գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում՝ նշեց երկրի ղեկավարը, մանրամասնեց՝ հումանիտար հարցերի լուծումը եղել է նաև փետրվարի 4-ին Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Ադրբեջանի նախագահի հետ հեռավար հանդիպման քննարկման առանցքում: Փաշինյանը տվյալներ ներկայացրեց՝ առաջին պատերազմից հետո հայկական կողմը 777 անհետ կորած ունի, պաշտոնական Բաքուն էլ իր կողմից անհետ կորածների 4000 թիվն է շրջանառում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս թեմայով Հայաստանն աշխատանքն սկսել է դեռևս 2020-ի մեկնարկին, երբ Անվտանգության խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ մենք քննարկեցինք, և ես հանձնարարականներ տվեցի, որ այս հումանիտար հարցերը պետք է կարգավորվեն: Եվ մենք ակնկալում ենք, որ ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլ նաև 44-օրյա պատերազմի մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես մեզ կհաջողի համագործակցություն հաստատել:
Վարչապետն ընդգծեց՝ հումանիտար հարցերում սակարկության թեմա լինել չի կարող, հույս հայտնեց, որ անհետ կորածների ճակատագրի պարզման հարցով ձեռք բերված պայմանավորվածության գործում Ադրբեջանն էլ կոնկրետ քայլեր կանի: Ինչ վերաբերում է թվերին, ապա, ըստ Փաշինանի, 44-օրյա պատերազմից հետո 217 անձի գտնվելու վայրն անհայտ է: Թեմայի շրջանակում վարչապետը նաև զոհերի թվին անդրադարձավ, ասաց՝ երբեմն ընդդիմադիրների կողմից փորձ է արվում ներկայացնել իրականության հետ կապ չունեցող՝ 5000-ի, 6000-ի հասնող թվեր:
«Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ արձագանքեց, ասաց՝ թող իշխանության որոշ ներկայացուցիչներ էլ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը չմանիպուլացնեն:
Նիկոլ Փաշինյան - Դիտարկումը ճիշտ եմ համարում, բայց ուզում եմ ասել, որ օրեր առաջ ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասում էր 5000 զոհ: Որտեղի՞ց այդ տվյալը: Դրանից առաջ էլ իր ընտանիքի մեկ այլ անդամ 7000 թիվը հրապարակեց, որը դրվեց շրջանառության մեջ: Տվյալ ունեն, թող հրապարակեն: Այսօրվա ճշգրտված տվյալով 3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ: 217 մարդու գտնվելու վայրը համարվում է անհայտ: Նրանցից 196-ը՝ զինծառայող, 26-ը՝ քաղաքացիական անձ:
Շարունակելով հայ-ադրբեջանական հարաբերությունների թեման՝ վարչապետը ՔՊ-ից Ծովինար Վարդանյանի հարցին ի պատասխան նորից նշեց՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը Կառավարության նպատակներից է, և Հայաստանը պատրաստ է առարկայական խոսակցության: Ըստ նրա՝ դա եղել է նաև նախկին բոլոր կառավարությունների նպատակը, քանի որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի ելքը հենց խաղաղության պայմանագրի կնքումը պետք է լիներ:
Նիկոլ Փաշինյան - Մենք հետաքրքրվա՞ծ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելով. այո՛, պատրա՞ստ ենք արդյոք խաղաղության պայմանագիրը բանակցելու, այո՛, ի՞նչ ֆորմատով պետք է տեղի ունենա բանակցությունը. այդ մասին մեր պատկերացումները մի քանի անգամ ընդգծել ենք, հետևաբար ՀՀ-ի և կառավարության, բոլոր նախկին կառավարությունների բանակցությունների նպատակն է եղել խաղաղության պայմանագիր կնքելը:
Բայց մինչև խաղաղության պայմանագրի կնքման հասնելը Հայաստանն ու Ադրբեջանը նախևառաջ պետք է քայլեր ձեռնարկեն հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանեն դեպի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ձևավորում՝ նշեց վարչապետը, հիշեցնելով՝ այս մասին պայմանավորվածությունն արձանագրված է նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ գրավոր հայտարարությամբ:
Վահագն Ալեքսանյանի հարցին ի պատասխան՝ Փաշինյանն անդրադարձավ զորքերի հայելային հետքաշման գաղափարին, որը ենթադրում է հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա հետքաշում, սահմանապահներին՝ սահմանի պահպանության հանձնում ու միջազգային մոնիթորինգի իրականացում:
Նիկոլ Փաշինյան - Հաջորդ ֆունդամենտալ հարցը, որ ծագում է, հետևյալն է. արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման։ Մեր հարցի պատասխանը միանշանակ դրական է։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991 թվականի ԱՊՀ կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Հետևաբար, կարծում ենք, որ ահա այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Ընդ որում, պատրաստ ենք լսել այլ առաջարկներ:
Վարչապետի բնորոշմամբ՝ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ, թե զորքերի հայելային հետքաշումից հետո որոշ գյուղեր անպաշտպան են մնալու: Վստահեցրեց՝ առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։
Նիկոլ Փաշինյան - Այս առաջարկները հիմնված են լեգիտիմ և օրինական արձանագրումների վրա։ Շատ կարևոր եմ համարում, որ այս առաջարկների էությունը մեր խորհրդարանական գործընկերների կողմից պատշաճ ձևով ներկայացվի միջազգային հանրությանը, որովհետև, կարծում եմ, որ այս իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանությունը որոշ ուժեր կարող են օգտագործել սահմանին նոր էսկալացիաներ հրահրելու համար։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ըստ Փաշինյանի՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման հարցով ձևավորված աշխատանքային խումբն արդեն անցել է գործի: Բայց վարչապետը կարևոր է համարում, որ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները դե յուրե էլ արձանագրվեն, ստորագրվեն: Երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում՝ պայմանավորվածությունները հիշեցրեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է միանան իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու: Եվ այս ամենը շատ կարևոր է, որ մենք հնարավորինս արագ դե յուրե արձանագրենք, ստորագրվի դա:
Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներին, վարչապետը նշեց՝ Բրյուսելի, Սոչիի հանդիպումներից հետո ձևավորված առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին: Եթե Բաքվից դրական արձագանք լինի, ապա, ըստ Փաշինյանի, հայկական կողմը պատրաստ է իրագործելու նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը:
Արտաքին ճանապարհներից անցնելով ներքինին՝ ՔՊ-ից Վիլեն Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ վարչապետը վստահեցրեց՝ երբեք չի ասել, թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար քաղաքացին չպետք է տուգանվի, սակայն կարծում է, որ նախկինում իր հնչեցրած հայտարարությունը՝ քաղաքացին «տուգանվելու մատերիալ չէ», այսօր լիարժեքորեն կյանքի է կոչված: 2018-ից հետո 15 վարչական իրավախախտման դեպքում այլևս տուգանք չի կիրառվում՝ միայն բանավոր զգուշացում, իջեցվել է նաև տուգանքի չափը՝ հիշեցրեց նա:
Նիկոլ Փաշինյան - Շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանել են, այսօր դեպքերի 99 տոկոսում 29 հազար դրամից ավելի տուգանք չկա, իսկ նախկինում 40 հազար, 50 հազար, 500 հազար էին: Այստեղ է, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ վերջնականորեն: Մենք քաղաքացուն ասացինք, որ եթե 1, 2, 3…9 խախտում է անում, նշանակում է, որ խնդիր ունի, և իրենք ոչ թե թողնում են, որ շարունակի խախտում անել և տուգանվել, այլ որոշակի սանկցիաներ են գործում, որի արդյունքում կզրկվեն վարորդական իրավունքից և կդադարեն լինել ուրիշի կյանքը վտանգող և, հետևաբար, նաև տուգանքի մատերիալ:
Սերգեյ Բագրատյանն էլ վարչապետին խնդրեց պատասխանել այն ընդդիմադիրներին, որ պարբերաբար հիշեցնում են՝ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ ունեցած կարծիքը փոխել է իշխանության գալուց հետո: Փաշինյանը նկատեց՝ հայտնի պատճառներով փոխել են մոտեցումները թե՛ բուհերի, թե՛ դիվանագիտական ծառայության մեջ քաղաքական նշանակումների հարցում: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ասաց.
Նիկոլ Փաշինյան - Ասում են՝ դրա համար էլ միջազգային գործընկերներից իշխանությունն ստանում է այսպիսի արձագանք: Եկեք գույքագրենք, թե ի՞նչ արձագանք ենք ստանում: Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում: Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության համաժողովի մասնակցելու, ուրիշ երկրների չեն հրավիրում, այդ երկրները նեղվում են, երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, այդ երկրները նեղվում են, երբ ասում են, որ ՀՀ-ում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղ լեգիտիմ չեն... Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով փողոցներում քայլելիս տեսե՞լ եք: Կամ, որ ասում են, թե «Հայաստանի հետ այսպես են վարվում»: Իսկ որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր, ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքն Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չէիք հանում:
Վարչապետի խոսով՝ Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է, որը Կառավարության համար և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ է առաջ բերում:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ անդրադարձավ փետրվարի 24-ին Վիեննայում սպասվող Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը: Հարաբերությունների կարգավորման նպատակով նշանակված երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, Միրզոյանը հույս ունի, կլինի առարկայական՝ ուղղված Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Արտգործնախարարի խոսքով՝ պաշտոնական Անկարայից եկող ազդակները դրական կոնտեքստ ունեն, այդպիսին են նաև հայկական կողմի ակնկալիքները: Միրզոյանը տեղեկացրեց՝ այդ հանդիպման արդյունքներից է կախված նաև իր և Ռուբինյանի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նախարարը նորից հաստատեց՝ այդ ֆորումին Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարց չի քննարկվել և չի քննարկվում: