Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»:
«Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում:
Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը:
Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել:
«1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է լսելու նաև այլ առաջարկներ:
«Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: Դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա: