Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում շուրջ 3 տարի առաջ կառուցված պոչերի խտացման և ջրազրկման տեղամասում կիրառվում է նոր տեխնոլոգիա, այն եզակի է հանրապետությունում՝ պոչանքները նախ չորացվում, ապա տեղափոխվում են:
Մհեր Մելքոնյան (պոչերի խտացման և ջրազրկման տեղամասի պետ) - Գործող միակ՝ չոր պոչերի խտացման արտադրամասն ա, այսպես ասած։ Այստեղ արտադրվում ա չոր պոչ՝ մոտավորապես 10-12 տոկոս խոնավությամբ, դա չի օգտագործվում, թափոն է, բայց հետագայում փորձում ենք հասկանալ՝ որտեղ կարող ենք օգտագործել։
Կոմբինատի ղեկավարության խոսքով՝ մոտ ապագայում առկա պոչամբարը ունակ չի լինի տեղավորելու չոր պոչերը, և անհրաժեշտություն է առաջացել ունենալու նոր պոչամբար՝ իհարկե չվնասելով բնությանը:
Մհեր Մելքոնյան - Մեր անհրաժեշտությունն ա, որ պոչամբար լինի, վթարային դեպքերում մենք հնարավորություն ունենանք՝ արտադրությունը չկանգնելու համար։ Ընդհանուր ջրի մաքրությունը մենք ստուգել ենք, մաքրությունը համապատասխանում ա, խմելու ջրից չի տարբերվում իրա մաքրության աստիճանով։
Շուրջ 1100 աշխատակից ունեցող Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում էլ, տնօրինության հավաստմամբ, աշխատանքները կազմակերպվում են սահմանված նորմերին համապատասխան: Հանքում պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում:
Արտակ Դեմիրչյան (Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ) - Տեղեկացնենք, որ վերջին 2-3 տարվա մեջ բավականին մեծ դրական փոփոխություններ են իրականացվել և՛ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, և՛ «Թեղուտ» ՓԲԸ-ում։ Հատուկ ինստիտուտներ են եկել իրենց մասնագետներով, պրոբաներ են վերցնում սեյսմիկության պահով, ինչպես նաև արտանետումների։ Հույս ունենանք, որ ամեն ինչը աշխատանքային ոճով կլինի, որպեսզի ոչ շատ բնությունը տուժի, ոչ տնտեսությունը։
Մարզի ղեկավարի առաջարկությամբ՝ բարձրացված խնդիրների քննարկման նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ, որը համակողմանի ուսումնասիրություններ կիրականացնի և կառաջարկի արդյունավետ լուծման տարբերակներ:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Իհարկե բոլորս էլ գիտենք, որ կային դժգոհություններ, բողոքներ բնապահպանական, մենք հիմա արդեն խոսեցինք ղեկավարության հետ, քննարկեցինք, և համոզված եմ, որ այդ խնդիրը մոտ ապագայում կլուծվի։
Ղեկավարների խոսքով՝ արվում է հնարավորը բնությանը պատճառվող վնասները նվազագույնի հասցնելու ու նաև տնտեսությունը զարգացնելու համար:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան