ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
«Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր արվեստի երկրպագուն եմ և շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, որպես մտավորականի, ով անտարբեր չէ օրվա իրադարձությունների և հայրենիքի ճակատագրի նկատմամբ»,- ողջունելով հյուրին՝ ասել է նախարարը:
Վահրամ Դումանյանը հետաքրքրվել է երգչուհու ներկա գործունեությամբ, առաջիկա ծրագրերով: Ի պատասխան՝ Հասմիկ Պապյանը տեղեկացրել է, որ 32 տարի արտերկրում ապրելուց հետո 2020 թ.-ին վերադարձել է Հայաստան և ստանձնել Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները. «Սա լավագույնն էր, ինչով կցանկանայի զբաղվել: Սա հնարավորություն է՝ իմ օրինակով ուղղորդելու տեղացի երիտասարդներին, նրանց հասցնելու մեծ բեմեր՝ առավելագույնս օգտագործելով իմ ներուժն ու կարողությունները»:
Երգչուհին մատնանշել է երիտասարդների՝ Հայաստանից դուրս ելույթների անհրաժեշտությունը, ինքնահաստատումը, ինչպես նաև արտերկրում արդեն իսկ կայացած կատարողների փորձի փոխանակումը հայրենակիցների հետ: Այս համատեքստում Պապյանը հայտնել է, որ նախատեսում է մի ծրագիր՝ ներգրավելու հայ արվեստագետներին:
Ըստ նրա՝ տաղանդավոր շատ գործիչներ պատրաստ են վերադառնալու հայրենիք և իրենց փորձը փոխանցելու երիտասարդ կատարողներին՝ նրանց մրցունակ դարձնելով նաև եվրոպական թատրոններում: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հասմիկ Պապյանի նախաձեռնությունը. «Անկասկած, Ձեր ներդրումը շատ կարևոր է մեր պետության համար: Մենք ևս նպատակադրված ենք միավորելու առողջ և կարող ուժերը՝ ի շահ հայրենիքի և հանրության: Մեր ունեցած ռեսուրսներով պատրաստ ենք աջակցելու հայրենանվեր ցանկացած գործունեության»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակութային դաշտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհները:
Կարևորել են երիտասարդների կայացման աջակցմանը միտված ռեսուրսների ներդրման անհրաժեշտությունը, ինչպես նաև արվեստի անքննելի դերը հանրության հոգևոր, մշակութային կյանքը հարստացնելու գործընթացում: