ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Պետքարտուղարն ընդգծել է երկու երկրի համատեղ հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Բլինքենը և Չավուշօղլին քննարկել են նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այն լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։
ԹԵՀՐԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ. ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ եթե Արևմուտքն իրատեսություն չդրսևորի, բանակցություններում արագ առաջընթաց չի գրանցվի: Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված համաձայնության հասնելու և իր շահերն ու իրավունքներն ապահովելու հարցում: Նշելով, որ պատժամիջոցների արդյունավետ վերացումը շատ կարևոր է, Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը շարունակելու է այդ կապակցությամբ խորհրդակցություններն ու շփումները Մոսկվայի և այլ կողմերի հետ: Լավրովն ընդգծել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերականգնման և անօրինական պատժամիջոցների վերացման կարևորությունը և նշել, որ բոլոր կողմերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, պետք է վերադառնան իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը:
ՍԱԼԻՎԱՆՆ ՈՒ ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման առնչությամբ։ Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ Սալիվանն ու Ստոլտենբերգն ընդգծել են իրենց հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում։ Նրանք շեշտել են, որ դաշնակիցները պատրաստ են արձագանքելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի, այդ թվում՝ ամրացնելով արևելյան թևը՝ Ռուսաստանի ենթադրյալ ներխուժմանն ի պատասխան։
ԿՈՉ ՌԴ-ԻՆ՝ ԹՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍԱՀՄԱՆԻՆ
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Անջեյ Դուդան Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի սահմանին և Եվրոպայում անվտանգության շուրջ բովանդակալից երկխոսություն սկսել: Բեռլինում Վայմարյան եռանկյունու գագաթնաժողովից հետո երկրները համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա հավանական ռազմական ագրեսիա ծանր հետևանքներ կունենա, նաև անհանգստություն են հայտնել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս ռուսական ռազմական ուժերի կուտակման կապակցությամբ: Երեք երկրների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Փաստաթղթում նշվում է, որ երկրներն աջակցում են Մինսկի համաձայնագրերի իրականացման «նորմանդական ձևաչափին»։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 7%-ՈՎ
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվն աճել է 7%-ով: Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 17%-ով: Մահացությունը 67%-ով աճել է Հարավարևելյան Ասիայում, 45%-ով՝ Արևելյան Միջերկրականում և 2%-ով՝ Եվրոպայում։ Մեկ շաբաթում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում։ 7 օրում մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում: