ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին: Կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթը համարել է անհետաձգելի, և այն խորհրդարանը քննարկում է 24-ժամյա ռեժիմով:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բարելավել ավտոկայարանային և երթակարգավարական գործունեությունը, ինչպես նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում սահմանել «երթուղային թերթիկ» և «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունները:
Զեկուցողի տեղեկացմամբ՝ ներկայացվել են առաջարկներ, որոնք վերաբերում են գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետին: Վկայագրման ժամկետն առաջարկվում է փետրվարի 15-ից երկարաձգել մինչև օգոստոսի 1-ը: