ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ ԵՆ ԲԴԽ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Բարձրագույն դատական խորհրդին տալ հնարավորություն՝ որոշում ընդունել առնվազն 6 անդամի ներկայությամբ և 5-ի միանման քվեարկությամբ. «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանի ու Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենսդրական փաթեթը խորհրդարանում բուռն քննարկման արժանացավ:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եղել են կամ կարող են լինել իրավիճակներ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը կարող է իջնել 6-ի, և բավականին երկար քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում անդամներ չընտրվեն, կամ, օրինակ՝ դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել և ընտրել դատավոր անդամների, և թիվը 6-ից նվազի: Ի՞նչ է սա նշանակում, որ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ հստակ հասկանալով մոտակա 3-4 ամիսների ընթացքում հնարավորություն չի լինելու նիստ հրավիրել ԲԴԽ-ում և որոշում կայացնել:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի գործող կարգավորմամբ՝ որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում: ԲԴԽ-ն, ըստ Սահմանադրության, ունի 10 անդամ, այսինքն՝ քվորում ապահովելու համար առնվազն 7 անդամի ներկայություն էր հարկավոր: Քննարկվող նախագծով բավարար կլինի 6 անդամի ներկայություն: Եթե նիստին ներկա են ԲԴԽ ոչ բոլոր անդամները, ապա որոշում կարող են կայացնել 5 կողմ ձայնով:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Այս ձեր փոփոխություններով՝ 5 հոգով կարող են որոշում կայացնել՝ ցանկացած դատավորի ուղարկել քրեական հետապնդման դաշտ։ Սա է այդ փոփոխությունների էությունը։ Դուք համաձա՞յն եք, քաղաքակա՛ն մեծամասնություն, որ այսօր ակնհայտորեն քաղաքական իշխանության և գործադիր իշխանության ճնշում է գնում դեպի դատական համակարգ:
Ընդդիմությունը սահմանադրական օրենքի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդառաջեց: Քվեարկության պատկերում դրանից թերևս ոչինչ չփոխվեց՝ օրենքն ընդունվեց 66 կողմ, 30 դեմ ձայներով, այսինքն՝ ընդդիմությունը դեմ քվեարկեց:
ԴՐՈՇԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
Հաջորդիվ օրենսդիրը քննարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:
Աղվան Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Կարծում ենք՝ առաջարկվող նախագիծը ՀՀ դրոշի գործածման շրջանակի էական ընդլայնման միջոցով կնպաստի ձևական ընկալումից անցմանը դեպի խորհրդանիշների բնույթի գիտակցման: Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության և համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն:
Խորհրդարանականները միաձայն ընդունեցին «Դրոշի մասին» օրենքում փոփոխությունները:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները և լրացումները նիստի օրակարգում էին: Նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներառական կրթության մասով կարևորեց հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի ներդրումը, որն ուղղված է վերափոխելու գործող հատուկ դպրոցները:
Ժաննա Անդրեասյան (ԿԳՄՍ փոխնախարար ) - Լսողության խնդիր ունեցող երեխաների դպրոցը կարող է դառնալ ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որն անհրաժեշտ վերապատրաստում կիրականացնի դպրոցների ուսուցիչների, դրա կարիքն ունեցող մարդկանց համար, մեթոդական աջակցություն կցուցաբերի երեխաների կրթության առավել արդյունավետ կազմակերպման տեսանկյունից:
Փոխնախարարն ուսուցիչների կամավոր ատեստավորման ներդրման ուղղությամբ կատարված փոփոխություններին էլ անդրադարձավ. ասաց՝ հեշտացվել են որակավորման տարակարգի կարգավորման դրույթները, ինչը ևս կնպաստի ուսուցչի աշխատավարձի բարձրացմանը։
Ժաննա Անդրեասյան - Քննարկվում է ուսուցչի դրույքաչափն ատեստավորման արդյունքում 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը, որն էլ, համակցվելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ, կարող է հասնել մինչև 400 հազար դրամի:
Ուսումնական հաստատությունների ապաքաղաքականացման հարցը նույնպես քննարկվող նախագծի թիրախներից է՝ դպրոցի տնօրեն չի կարող լինել կուսակցության նախագահը կամ տարածքային ստորաբաժանման ղեկավարը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց: ԱԺ-ն այսպիսով սպառեց նիստերի օրակարգը:
Հեղինակ՝ Անի Օհանյան