Ազգային ժողովը քննարկում է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսելում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանի մասնակցությունը ծրագրին կնպաստի գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն:
«Ծրագիրը հիմնված է երեք հենասյուների վրա՝ գիտության մեջ գերազանցություն, գլոբալ մարտահրավերներ և մրցակցային արդյունաբերություն, նորարարություններ: Միտված է խթանելու նոր գիտելիքների և տեխնոլոգիաների ստեղծմանն ուղղված համատեղ ջանքերը՝ որպես հիմնարար սկզբունք ունենալով միջազգային գիտական և նորարարական համագործակցության խթանումը»,- ասաց փոխնախարարը:
Համաձայնագրի վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Դա բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Գիտություն» բաժնի «Մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր ենթակառուցվածքների զարգացում» ուղղությամբ նախատեսված՝ Եվրոպական շրջանակային ծրագրերին ասոցացման և այդ ծրագրերում Հայաստանի ակտիվ մասնակցության խթանման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
«Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ինչպես բուհերը և գիտական կազմակերպությունները, այնպես էլ նորարարական գործունեության մեջ ընդգրկված և իրականացնող տարբեր իրավական կարգավիճակ ունեցող կազմակերպություններ, մասնավոր հատվածի տարբեր շահառուներ»,- ասաց Մարտիրոսյանը:
«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը, որը նախատեսված է 2021-2027 թվականների համար, 2014-2020 թվականներին իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է: Ծրագրին Հայաստանի մասնակցությունն սկսվել է 2016 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրմամբ:
«Հորիզոն 2020» ծրագիրը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի գիտական ոլորտի զարգացման մեջ եւ ոլորտի ներկայացուցիչներին տարբեր դրամաշնորհային նախաձեռնություններին մասնակցելու բազում հնարավորություններ է ընձեռել: «Հորիզոն 2020» ծրագրի ասոցացված երկրների շարքում Հայաստանի մասնակցության հաջողության գործակիցը կազմել է 11,81 տոկոս. ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր է ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ:
Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից: